2013թ. նոյեմբերի 5-ի երթի ժամանակ ձերբակալված, ապա դատապարտված 13 անձանց համար արդարացնելու եւ ազատության պահանջով նախաձեռնված «Անոնիմուսների երթն» այսօր՝ նոյեմբերի 5-ին, Հանրապետության հրապարակում ընդհատվել է, ոստիկանները բերման են ենթարկել երթի եւս մեկ մասնակցի: (ֆոտոռեպորտաժ)
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ լարվածություն է առաջացել այն ժամանակ, երբ ոստիկանները երթին մասնակցող Գոհար Սարոյանից պահանջել է հանել Գայ Ֆոքսի դիմակը, նա հրաժարվել է, ինչից հետո աղջկան բերման են ենթարկել:
Երթի մասնակիցները, չնայած ոստիկանների պահանջին, հրաժարվում են հանել դիմակները, ոստիկանները փակել են երթի մասնակիցների ճանապարհը եւ թույլ չեն տալիս Հանրապետության հրապարակից առաջ շարժվել, մինչեւ չհանեն դիմակները: Ակցիայի մասնակիցները վիճում են Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, որը նրանց պարբերաբար հիշեցնում է, որ երթն արտոնված չէ, եւ երթի մասնակիցների անվտանգության համար անհրաժեշտ է, որ նրանք դիմակները հանեն։
«Եթե չեք ուզում նախորդ տարվա նոյեմբերի 5-ը կրկնվի, հանեք դիմակները»,- ասաց Օսիպյանը, ինչին ակցիայի մանակիցները հակադարձեցին, որ մի քանի օր առաջ Հելոուինի կապակցությամբ հարյուրավոր մարդիկ մայրաքաղաքում շրջել են դիմակներով, ինչը նրանց ոչ ոք չի արգելել։ Որոշ ժամանակ վիճելուց հետո, երթի մասնակիցներն ի վերջո հանեցին դիմակները, եւ երթը շարունակվեց։ Հիշեցնենք, երթն սկսվել է Ազատության հրապարակից՝ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով, որտեղ էլ կավարտվի։
Ի դեպ, երթի կազմակերպիչները հայտարարել են, որ իրենց շարքերում սադրիչներ կան։
Նշենք, որ երթի մեկնարկից առաջ Կասկադի տարածքից բերման էին ենթարկել 8 մասնակցի, որոնք նույնպես Գայ ֆոքսի դիմակներով էին եղել:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 14 մարդու: Նրանք դատապարտվել են 1-ից 7 տարվա ազատազրկման:


Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











