«Համերաշխություն հանուն մեր եւ մեր սերունդների լուսավոր ապագայի» նախաձեռնությունը Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու նպատակով այսօր՝ նոյեմբերի 5-ին, Ազատության հրապարակում դրամահավաք իրականացրեց։ Ազատության հրապարակում գտնվող՝ բանտարկյալների հարազատները, սակայն, հայտարարեցին, որ իրենք չեն դրամահավաքի նախաձեռնողները, եւ չեն պատրաստվում ընդունել դրամական աջակցությունը:

«Ես դեմ եմ այս դրամահավաքին: Ոչ օգտվել եմ, ոչ էլ ուզում եմ օգտվել: Իմ տղան էլ միշտ կտրականապես արգելել է՝ ոչ մի դրամահավաք, ոչ մի բան»,-  ասաց Ավետիս Ավետիսյանի մայրը՝ Լուսյա Մարտիրոսյանը:

Բանտարկյալների հարազատների խոսքով՝ իրենք հավաքվել են Ազատության հրապարակում  մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 5-ին կատարված դեպքերի կապակցությամբ, իսկ դրամահավաքի հետ ոչ մի առնչություն չունեն: 

«Ֆեյսբուքից տեղեկացվել ենք, բայց մենք ոչ մի կապ չունենք դրամահավաքի հետ: Մարդիկ իրենց աջակցություն են ուզում ցույց տալ քաղբանտարկյալների ընտանիքներին: Սա ավելի շատ զուտ բարոյական իմաստ ունի, քան թե նյութական աջակցության: 13 ընտանիք կերակրող ձեռքից զրկվել է: Կան ընտանիքներ, որոնք անչափահաս երեխաներ ունեն, բացի այդ տղաներին բանտերում պահելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ եւ այս պարագայում աջակցությունն ինձ թվում է տեղին  է: Եթե մարդիկ գտնում են, որ իրենք ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել միանալ տղաների երթին, իրենց իրականացրած ակցիաներին, փորձում են այս կերպ իրենց օգնությունը առաջարկել, միգուցե պետք է նորմալ նայել դրան»,- ասաց Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզան Բադալյանը:

Բանտարկյալ Վահե Մկրտչյանի կինը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց ընտանիքները դրամական աջակցության կարիք չունեն՝ հորդորելով դրամահավաքի նախաձեռնողներին միանալ իրենց պայքարին եւ «Անոնիմուսների» երթին:

«Դրամահավաքի մասին մենք լսել անգամ չենք ուզում: Եվ չենք ուզում, որ այսօր այստեղը որոշ մարդիկ օգտագործեն եւ դրամահավաք անեն: Մեր տղաները փառքով-պատվով գնացել են մեր հայրենիքի համար հարց լուծելու, ինչ-որ բան փոխելու ոչ նրա համար, որ այսօր մի քանի հոգի դրամահավաք անեն եւ փորձեն այս պայմաններում, այսպիսի իրավիճակներում մեր ընտանիքներին օգնեն: Թող ոչ թե դրամահավաքություն անեն, այլ թող մեզ միանան եւ պայքարեն տղաներին ազատության մեջ տեսնելու համար»,- ասաց Վահե Մկրտչյանի կինը՝ Մարգարիտա Ստեփանյանը:

Դրամահավաքին միացած Կարո Եղնուկյանի խոսքով՝ այս նախաձեռնությունը յուրօրինակ ուղերձ է իշխանություններին:

«Դրամահավաքով ոչ թե դրամ ես հավաքում ու օգնում ընտանիքներին, այլեւ դրանով իշխանություններին հայտարարում ես, որ մենք Հայաստանի անկախության համար պայքարող առաջին շարքում կանգնածներին թույլ չենք տա, որ իրենք մենակ լինեն, եւ զգան, որ իրենք լքված կամ անտեսված են»,- ասաց Կարո Եղնուկյանը:

NEWS.am-ի հետ զրույցում նախաձեռնության հեղինակ Լուսինե Հովսեփյանը նշեց, որ դրամահավաքը մտահոգ քաղաքացիների բողոքն է երկրում տիրող անարդարությունների դեմ:

«Մեծ հաշվով, հարազատների՝ դրամահավաքին  դեմ լինելն այնքան էլ էական չէ։ Ովքեր դեմ են, իրենց մասնաբաժինը կփոխանցեն նրանց, ովքեր դրա կարիքը ավելի շատ ունեն։ Որեւէ քաղաքացի, ով պայքարում է իր իրավունքների եւ ինքնիշխան պետության համար, պետք է մենակ չմնա, եւ մենք ամեն կերպ թիկունք ենք կանգնելու այնքան, որքան պահանջվի: Եթե պետք լինի, 6 տարի էլ, 20 տարի էլ թիկունք կկանգնենք։ Քաղբանտարկյալների հարազատները իրազեկվել են դրամահավաքի մասին 20 օր առաջ, ուղղակի դեմ են՝ մտածելով, որ արժանապատվության հարց է, դրամի հետ կապված հարցերը չեն ուզում խառնել իրենց ամուսիների բռնած գործի հետ,  բայց այստեղ այդ խնդիրը չկա, քանի որ նախաձեռնությունը բողոք է վարչախմբի դեմ։ Սրանով մենք մեր բողոքն ենք արտահայտում, ոչ թե իրենց ողորմություն ենք տալիս։ Մոտ օրերս կհանդիպենք ընտանիքների հետ, կխոսենք եւ ընդհանուր հայտարարի կգանք»,- ասաց Լուսինե Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել 14 մարդու: Նրանք դատապարտվել են 1-ից 7 տարվա ազատազրկման: