Լրագրող Գայանե Առուստամյանը Շանթ Հարությունյանին նվիրված ֆիլմ է նկարահանել, որի առաջին ցուցադրությունը տեղի ունեցավ այսօր՝ նոյեմբերի 5-ին:
Ֆիլմը ստեղծվել է դոկումենտալ կադրերի հիման վրա եւ ունի 23 րոպե տեւողություն:
Հեղինակի խոսքով՝ ֆիլմում ինքը փորձել է ցույց տալ երկու խնդիր՝ Շանթի Հարությունյանի հեղափոխության շարժառիթը եւ իրավապահ մարմինների արձագանքը նրա գործողություններին:
«Ֆիլմում փորձել եմ ցույց տալ, թե ինչու էր Շանթը գնացել այդ քայլին: Նաեւ հստակ երեւում է, թե ինչպես են իրավապահ մարմինները քաղաքական հագուստով մարդկանց ներդրել Շանթի խմբում եւ ինչպես են նրանք սադրում Շանթին, որպեսզի կազմակերպեն Շանթին որոգայթը գցելու իրենց ծրագիրը: Դա հաջողությամբ ֆիլմում երեւում է»,- NEWS.am-ին ասաց Առուստամյանը։
Գայանե Առուստամյանը նշեց, որ ֆիլմը ստեղծվել է դոկումենտալ կադրերի վրա: Միակ միջամտությունը տեքստային միջամտությունն է, որը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի առաջաբանին, որն ի սկզբանե թույլ է տալիս ցանկացած հասարակության գնալ այդ ապստամբության, եթե չունի իր իրավունքը հաստատելու այլ տարբերակ:
Ֆիլմի հեղինակը Շանթ Հարությունյանի հեղափոխության շարժառիթը մեկնաբանեց այն հանգամանքով, որ նա պայքարելու այլ միջոց չուներ:
«Հեղափոխության կոչ անելը եւ հասարակությանը անհնազանդության եւ ընդվզման տանելը նրա վերջին միջոցն էր»,- ասաց Գայանե Առուստամյանը:
Նշենք, որ ֆիլմը այսօրվանից կհայտնվի Youtube սոցիալական կայքում:











