Արարատի մարզի Ոսկետափ գյուղում գտնվող «Բորոդինո» պահածոների գործարանի մի քանի տասնյակ աշխատակիցներ այսօր՝ նոյեմբերի 6-ին, Կառավարության մոտ էին իրենց 3 ամսվա չվճարված աշխատավարձերի եւ գործարանում իրացված գյուղմթերքի գումարները վճարելու պահանջով։ Գործարանի աշխատակիցները NEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ իրենք տարբեր համայնքներից են, ամռան ամիսներին աշխատել են գործարանում, սակայն գործարանի ղեկավարությունը հրաժարվում է վճարել աշխատավարձերը՝ պատճառաբանելով, որ ֆինանսական խնդիրներ ունի։

«Բողոքում ենք, ոչ մի արդյունք չկա, մենք այդ աշխատավարձի համար ենք աշխատել,որ այսօր չեն տալիս ո՞վ է պատասխան տալու դրա համար»,-դժգոհեց Հեղնար Հակոբյանը։

Արարատի բնակիչ Արմեն Գասպարյանն էլ բողոքեց, որ գործարանը իրեն 1,5 միլիոն դրամ է պարտք, սակայն հրաժարվում են տալ. «Ես էսօր ունեմ հողի հարկ, էս մի ամիս է ցորեն եմ ցանել, չեմ կարողանում ջրել, կանխիկ գումար են ուզում, ոնց եմ անելու, հարյուր ձեւի սոցիալական հարցեր ունենք։ Մնացել ենք շիվար, մենք ոչինչ չէինք  ուզում, ընդամենը մեր աշխատավարձերը, մեր մթերածի գումարներըւ, ոչ կռիվ ենք անում, ոչ բան, մեր գումարներն ենք պահանջում»։

Գյուղացիները նշեցին, որ գործարանը բոլորին տարբեր գումարներ է պարտք, նույնիսկ մարդիկ կան, որոնց գործարանը պարտք է մեկ միլիոն դրամից ավելի։

«Անհույս պատասխաններ են տալիս, էս ամիս, մյուս ամիս, երեկ էլ փոխտնօրենը ասաց, որ դեկտեմբերին կտա, սակայն մենք չենք հավատում։ Ասում են բյուջեն ճեղքվածք ունի, համ էլ ասում են՝ սպասեք, թող ապրանքը վաճառվի, արտահանեն ուրիշ երկրներ, որ մեզ աշխատավարձ տան»,-դժգոհեց աշխատակիցներից մեկը։

Գործարանի աշխատակիցներին Կառավարությունում ընդունեց Նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը, որը լսեց նրանց եւ խնդրեց իրենց բողոքը գրավոր ներկայացնել Կառավարություն։

«Ստացանք դրական պատասխան, որ առաջիկա 3 օրում խնդիրը կլուծվի, դիմում գրեցինք, բոլորս ստորագրեցինք, այժմ սպասում ենք պատասխանի»,-ասաց գործարանի աշխատակից Նվարդ Թերզյանը։

Նշենք, որ աշխատակիցները խնդրի դրական լուծում չստանալու դեպքում սպառնում են ավելի կտրուկ գործողությունների դիմել։