Ոչ «Հայազն» կուսակցությունը, ոչ «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը եռյակին միանալու մտադրություն չունեն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, «Հայազն» կուսակցության երկրորդ համագումարին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհրդի անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Մեր խնդիրն է ձեւավորել ընդհանուր օրակարգ, խոսել ընդհանուր օրակարգ ձեւավորելու անհրաժեշտությունից, որպես իրավահավասար գործընկերներ փորձել համագործակցել այդ ընդհանուր օրակարգի շուրջ»,- ասաց նա:

Եռյակին միանալու հնարավորության մասին հարցին Փաշինյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն չի հայտարարել, իսկ  «Քաղաքացիական պայմանագիրը» ոչ իշխանական ուժերի եռյակին կսատարի, միայն երբ եռյակը պահանջի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Հարցին, թե հավատում է, որ նման պահանջ կլինի, Նիրկոլ Փաշինյանը պատասխանեց, որ հավատալը քաղաքական տերմին չէ, իսկ ինքը խոսում է քաղաքական տերմիններով:

Փաշինյանի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիրն» արդեն գործողությունների ծրագիր է հրապարակել որպես առանձին քաղաքական ուժ:

«Առաջինը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» վերածել ինստիտուցիոնալ ընդդիմադիր ուժի, փորձել համախոհ քաղաքական ուժերի հետ կազմել դաշինք, որից հետո կձեւավորվի պայմանական քաղաքական թիմը, որը մենք պայմանականորեն անվանում ենք ստվերային կառավարություն, որը ի վիճակի կլինել ստանձնել իշխանությունը ՀՀ-ում, եւ որից հետո տեղի կունենա իշխանափոխություն»,- ասաց նա։

Հարցին, թե որքանով է իրատեսական է նման սցենարի իրականացումը, Փաշինյանը պատասխանեց. «Դուք չեք կարող Քաղաքացիական պայմանագրին մեղադրել մի բանում, որը ասել է եւ չի արել, գործողությունները սկսվել են եւ շարունակվում են»: