«Նիգ Ապարան» հայրենակցական միության 6-րդ համագումարի մեկ տարի ուշ կազմակերպումը կապված չէ միության հիմնադիր նախագահ Աղվան Հովսեփյանի՝ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու հետ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Աղվան Հովսեփյանը:

«Ոչ իհարկե կապված չէր, որովհետեւ այս 12 տարիների ընթացքում ես տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել, իսկ համագումարները մշտապես տեղի են ունեցել: Այսօր էլ տեսաք, որ շատ կազմակերպված համագումար անցկացրեց կառույցը, եւ շատ լուրջ էական ծրագրային դրույթներ ընդունվեցին»,-ասաց Աղվան Հովսեփյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին:

Նախկին գլխավոր դատախազը հրաժարվեց խոսել եռյակի մասին եւ չպատասխանեց լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք մտավախություն չունի, որ նոր «Մարտի 1» կլինի: Նա միայն ասաց.«Ուրիշ հարց չունե՞ք»:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը չպատասխանեց NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք լարվածություն կա իր եւ գործող գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի միջեւ՝ առաջարկելով մեկ ուրիշ օր գնալ կոմիտե, որտեղ ինքը կպատասխանի կոմիտեին վերաբերող հարցերին: