Խորհրդարանական ոչ իշխանական եռյակը մինչեւ այժմ հանրությանը չի ներկայացրել որեւէ պարզ եւ մատչելի ծրագիր: Այս մասին նոյեմբերի 9-ին կապանցիների հետ հանդիպմանը ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով ոչ իշխանական եռյակի գործունեությանը:

«Դուք շատ ճիշտ եք, ցանկալի է, որ այդ համագործակցությունը ձեզ համար լինի մատչելի: Ձեզ բացատրեմ, վերջիվերջո, ո՞րն է այն ծրագիրը, եթե կա նման ծրագիր, ապա ինչ ժամկետների մասին է խոսքը, եւ ինչ հարցերի են նրանք առաջնհերթ լուծում տալու: Ըստ էության, գարնանից մինչեւ այսօր որեւիցե պարզ, մատչելի ծրագիր ձեզ ներկայացված չէ: Ուղղակի ձեզ ասել են՝ կգաք, կգնաք»,-ասաց Զարուհի Փոստանջյանը:

Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է իր պահանջները եռյակին, որոնք կատարելուց հետո ինքը կմիանա եռյակին: Դրանք են ԱԺ-ում Սերժ Սարգսյանի պաշտոնանկ անելու գործընթացի սկսումը, ԲՀԿ-ի կողմից Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի` որպես հանցագործների ճանաչումը եւ օրինական դատավճռով ազատազրկումը, ինչը պետք է վերահաստատվի նաեւ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» կողմից, ապօրինի սեփականաշնորհված եւ ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձը պետությանը, հակակշռող եւ զսպող օրենքների ընդունումը, ընդդիմությանը վերահսկողական լծակների տրամադրումը, քաղաքական հետապնդումների գործերում ներգրավված դատավորների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը եւ դատապարտումը, ոստիկանության, ԱԱԾ-ի եւ բանակի՝ քաղաքական սպանությունների, հետապնդումների, հալածանքների մասնակից պաշտոնատար անձանց հետապնդումը եւ դատապարտումը, ժամանակավոր անցումային կառավարության ձեւավորումը, արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացումը: