Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվող Եպիսկոպոսաց երկրորդ ժողովը առաջիկա երեք օրերին Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման ծիսակարգ ու կանոնակարգ կսահմանի: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի նախագահությամբ եւ օրհնությամբ ժողովը բացվեց այսօր՝ նոյեմբերի 11-ին:
«Եպիսկոպոսաց ժողովի պարբերաբար գումարում անհրաժեշտ է եկեղեցական անդաստանում բարեփոխումներ իրակացնելու, մեր եկեղեցու ընթացքը ժամանակակից զարգացումներին համաքայլ պահելու, արդիական հարցադրումներին արձագանքելու համար: Եպիսկոպոսաց ժողովի հրավիրումը կարեւոր է նաեւ մեր հոգեւոր եկեղեցական գործունեությունը զորացնելու համար»,- բացման խոսքում ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի խոսքով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ցեղասպանության զոհերի սրբադասումը կարեւոր է նաեւ այնքանով, որ եկեղեցին եւ ազգը որպես մեկ ամբողջություն աշխարհին կհիշեցնեն, որ հայ ազգը պահանջատեր է իր իրավունքներին:
«Մենք 100-ամյակի առիթով պարզապես հիշատակություն պիտի չկատարենք անցյալի տխուր դեպքերին: Հիշելով հանդերձ՝ աշխարհին պետք է հիշեցնենք, որ տակավին իրավազրկված ժողովուրդ կա, եւ այդ ժողովուրդը պահանջում է իր իրավունքները: Մենք որպես եկեղեցի եւ որպես ժողովուրդ չենք կարող անտարբեր ու լուռ մնալ այս կացության դիմաց: Մենք պահանջատեր ենք, եկեղեցի եւ ազգ՝ մեկ ամբողջությամբ: Մենք պիտի նշենք 100-ամյակը, եւ որպես մեկ եկեղեցի՝ եպիկոպոսաց դասով, վեհափառներով պիտի ասենք՝ մեր մեկուկես միլիոն նահատակները սուրբ են»,-ասաց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը:
Ժողովին, որին մասնակցում են Երուսաղեմի և Կոստանդուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչները, կքննարկվի ոչ միայն Ցեղասպանության զոհերի, այլեւ Կոմիտաս Վարդապետի սրբադասման հարցը:
Ժողովին կքննարկվի նաեւ Մկրտության ծեսի բարեփոխումների փաթեթը, որով առաջարկվում է մկրտության արարողությունները միօրինակ դարձնել բոլոր թեմերում:
«Մենք ունենք թեմերում այնպիսի վիճակ, որ մկտրության արարողությունները ոչ միշտ են միօրինակ անցկացվում։ Նախատեսվում է նախապատրատական ուսուցողական շրջան անցկացնել մկրտյալի հետ, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն կնքահոր պարտականություններին, մկրտյալից սպասելիքներին»,-լրագրողներին ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանագետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:
Նշենք, որ Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւոր բարձրագույն իշխանության մարմին է, որը դավանաբանական, ծիսական, եկեղեցագիտական, կանոնական, բարոյական հարցերի շուրջ որոշումներ է կայացնում:











