Շիրակի մարզում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացած 20-ամյա ծանրորդ Վանիկ Սարգսյանը Գյումրի էր գնում ընկերոջ հուղարկավորությանը մասնակցելու: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վանիկի քույրը՝ Արմենուհի Սարգսյանը։

«Գալիս էր հուղարկավորության, բայց ինքը մահացավ: Խնդրում էինք տատիկիս հետ, որ առավոտյան գնար, բայց չլսեց մեզ պատրաստվեց ու դուրս եկավ, ես նրան տեսա վերջին անգամ»,- պատմեց Վանիկ Սարգսյանի քույրը։

Վանիկը Գյումրու օլիմպիական հերթափոխի  պետական մարզական քոլեջի ծանրամարտի մասնագիտական բաժնի 3-րդ կուրսի ուսանող էր եւ զուգահեռ աշխատում էր Երեւանում: 2015թ. կստանար մարզիչ-մանկավարժի որակավորում:

Նշենք, որ ծանրորդը երկու տարի առաջ հաղթել էր Ծանրամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունում: Քրոջ խոսքով՝  Վանիկը առողջական խնդիրների պատճառով թողել էր ծանրամարտը, բայց նրա երազանքն էր դառնալ աշխարհի չեմպիոն:

20-ամյա Վանիկ Սարգսյանի հարեւանուհին պատմեց, որ Վանիկը միշտ եղել է հավասարակշռված ու մարդամոտ:

«Չկա մեկն ում Վանիկը օգնած չլինի: Մեկին օգնելիս, միշտ ասում էր՝ մեռնելուց հետս միայն օրհնանքներ կտանեմ»,- Վանիկի խոսքերը հիշեց հարեւանուհին՝ Սուսաննա Գրիգորյանը:

20-ամյա Վանիկ Սագսյանի ծնողները մեկ ժամ առաջ վերադարձել  են Սոչիից։  Հուղարկավորությունը տեղի կունանա նոյեմբերի 13-ին։

Հիշեցնենք, որ արդեն հայտնի են վթարի բոլոր յոթ զոհերի անունները:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ. Վարդանյանը, ձերբակալված է: