Բանակում մահացած 5 զինծառայողների ծնողներն այսօր՝ նոյեմբերի 12-ին, կրկին ՀՀ նախագահի նստավայրի մոտ էին՝ պահանջելու հանդիպում Սերժ Սարգսյանի հետ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նրանք սպառնում են դիմել ծայրահեղ քայլերի, եթե նախագահն իրենց չընդունի:

«Գերագույն հրամանատարը մեզ պետք է ընդունի ու պատասխան տա իր վիժվածք հրամանատարների, գեներալների արարքների համար, որ այսօր իր ձեռքերը փռել է նրանց վրա: Թող պատասխան տան: Եթե իմ երեխուն զինվոր սպանած լիներ, հիմա բանտերում կլիներ, ուրեմն նախագահի կողքի մարդիկ են սպանել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց բանակում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը՝ նշելով, որ առ այսօր Քննչական կոմիտեն եւ դատարանները չեն կարողացել ապացուցել իր որդու մահվան պաշտոնական վարկածը՝ էլեկտրահարումը:

Տիկին Գոհարը նախագահից պահանջում է իրեն պատասխան տալ, թե ով է խոշտանգելով սպանել իր որդուն եւ ինչի համար:

«Բանակ ենք ուղարկում, որ հոշոտե՞ք մեր երեխեքին, վամպիրներ: Ես էսօր հետ չեմ ուզում իմ երեխուն, բայց պետք է իմանամ, թե ով է սպանել: Ինչի՞ ես պիտի իմ որդու 26-ամյակը նշեմ գերեզմանոցներում: Պետք է պատասխան տան»,- ավելացրեց նա:

Հավաքված ծնողները հայտնեցին, որ մի քանի օրից պատասխան չստանալու դեպքում նստացույց կսկսեն եւ ավելի ծայրահեղ քայլերի կդիմեն: