Շիրակի մարզում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացած 49-ամյա Գայանե եւ 52-ամյա Հաբեթ Սեդրակյանները դեպքի նախորդ օրը Երեւանում մասնակցել էին Հաբեթի հորեղբոր թոռան հարսանիքին, իսկ դեպքի օրն էլ այցելել Երեւանում բնակվող իրենց դուստրերին եւ վերադարձել Գյումրի: Այս մասին Գյումրիում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հաբեթի եղբոր կինը՝ Կարինե Բաղդյանը:
Նա պատմեց, որ վթարի մասին առաջինը դուստր է տեղեկացել ու անընդհատ զանգել ծնողներին, սակայն նրանք չեն պատասխանել զանգերին: Անհանգստացած աղջիկները Գյումրիում բնակվող հարազատներին խնդրել են գտնել ծնողներին: Կարինե Բաղդյանն էլ Հաբեթի եղբոր հետ հիվանդանոցում եւ դիահերձարանում փորձել են գտնել Սեդրակյաններին: Սակայն միայն հաջորդ օրն են ճանաչել մահացածների մոխրացած մարմինները:
Նշենք, որ ամուսիններն Ախուրյան գյուղից էին, բնակվում էին 75-ամյա տատիկի հետ: Սեդրակյանների հուղարկավորությունը նոյեմբերի 13-ին է:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալված է:











