Ֆինանսների նախարարության մոտ այսօր՝ նոյեմբերի 12-ին, «Նպատակային պարտադիր սոցիալական վճարի» մասին օրենքով պետական եւ մասնավոր սեկտորում համատեղությամբ աշխատողներից պահումներ չկատարելու պահանջով ակցիայի մասնակիցների պահանջով եկել է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը Ռաֆայել Պողոսյանը (ֆոտոռեպորտաժ):
Նշենք, որ ավելի վաղ ակցիայի մասնակիցներին ոստիկանությունը թույլ չէր տվել անցնել մայթը եւ կանգնել նախարարության մուտքի մոտ: Ակցիայի մի քանի մանսակիցներ փորձեցին անցնել, սակայն ոստիկանները նրանց բռնի ուժով հետ բերեցին այգու հարակից տարածք: Այս պատճառով էլ հավաքվածները դիմել էին ՄԻՊ-ին:
Լրագրողների հետ զրույցում Պողոսյանը նշեց, որ նախարարության շենքին մոտենալը օրենքի խախտում չի համարվում, իսկ քաղաքացիներն էլ ունեն ազատ տեղաշարժի իրավունք:
NEWS.am-ը հաղորդում է, որ այս պահին ՄԻՊ աշխատակիցը փորձում է Կարեն Մովսիսյանից ճշտել, թե ինչու քաղաքացիները չեն կարող անցնել դիմացի մայթը:
Ակցիայի մասնակիցներն անցան Նալբանդյան փողոցի երթեւեկելի, անթույլատրելի մասով եւ այժմ շարժվում են կառավարության մոտ:
Նշենք, որ ոստիկանական նոր ուժեր են եկել ֆինանսների նախարարության մոտ եւ մի քանի շարքով շրջափակել տարածքը:











