ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը գերիներին պահել է իր տանը, բայց նրանց չի վերաբերվել ճորտի պես: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության եւ Եկրապահ կամավորական միության միջեւ հուշագրի ստորագրման արարողության ժամանակ հայտարարեց գեներալը ՝ արձագանքելով վերջերս իր հասցեին հնչած քննադատություններին:

Մանվել Գրիգորյանը նոյեմբերի 1-ին լրագրողներին պատմել էր, որ 4 տարի գերի է պահել իր տանը, անունը կնքել Սիմոնյան Սիմոն, հետո Կարմիր խաչի գրասենյակի միջոցով ուղարկել իր ընտանիքի մոտ: Այդ հայտարարությունը քննադատությունների առիթ էր դարձել:

«Ես երկու բառ խոսեցի, ադրբեջանցիք ավելի շուտ ցույց տվեցին: Ես ասում եմ՝ մենք մարդկային ենք ավելի, ես չեմ կարա ադրբեջանցուն նմանվեմ: Ես ասում եմ, որ իրենք մեզ սպանում են, բռնանում են, գալիս են հայ քաղաքացուն տանում են, վիզն են կտրում, մտնում են, երեխա են սպանում, ինչ ասես անում են: Բայց մենք, ասում եմ՝ իրանց գերուն պահել ենք մեր տանը, մեր պես, մեր հետ: Հելան գոռացին՝ այ ճորտ ա պահել, էս ա արել: Ես զինվորական մարդ եմ, ճորտի հետ ի՞նչ կապ ունեմ»,- նշեց Մանվել Գրիգորյանը:

Գեներալը կարծում է, որ իր խոսքերը «արար աշխարով շուխուր են դրել», որպեսզի «մի քանի կոպեկ փող» աշխատեն:

«Հացն էլ ենք մենք կարում սարքենք, ուտելն էլ ենք կարում: Իրանք վայթե մինչեւ հիմի էդ ճորտական մտածելակերպով են: Աշխարհին շուխուր դրեցին, ինչ ա՝ թե մի քանի կոպեկ փող առնեն, բայց չի կարելի, սա մեր երկիրն ա, սա մեր տունն ա»,- ասաց գեներալը եւ դիմեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին. «Արտեմ ջան, ոչինչ մեր վրա թող չլացեն, հա թող խոսան, ես դրանից չեմ նեղվում»: