Շիրակի մարզում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացած 20-ամյա Դավիթ Հարությունյանը Գյումրիի պետական մանկավարժական համալսարանի բնագիտա-աշխարհագրական ֆակուլտետի հեռակա բաժնի 1-ին կուրսի ուսանող էր, Երեւան էլ գնացել էր՝ աշխատանք փնտրելու: Այս մասին Գյումրիում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է զոհված երիտասարդի հայրը՝ Կարապետ Հարությունյանը:
«Նա ուզում էր զինվորական ծառայության անցնել, պայմանագրային զինծառայող դառնալ, մի քանի օր առաջ գնացել էր հենց այդ հարցերով, պակաս փաստաթուղթ էր մնացել, այդ չարաբաստիկ օրն էլ թուղթը տարավ ու այդպես էլ չեկավ: Ես նրան ոչ մի հարցում չեմ օգնել, ինչի հասել է, ինքնուրույն է հասել, ես միայն մեծացրել եմ ու մեծացրել եմ իսկական մարդ, ընկերասեր ու հոգատար»,- պատմեց Դավիթի հայրը:
20-ամյա երիտասարդի հետ վերջին անգամ խոսել է քույրը:
«Քուրը զանգեց, հարցրեց, թե ուր է հասել, Դավիթն էլ թե Մաստարան կիջնինք, աղջիկս ըսավ՝ պապ մե կես ժամից կհասնի, ու հլը կհասնի»,- ասաց Կարապետ Հարությունյանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալված է:











