Ազատամարտիկը հայրենիքը պետք է պաշտպանի, եթե  կանգնի ինչ-որ քաղաքական գործչի կողքին, ուրեմն էլ ազատամարտիկ չէ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության եւ  Եկրապահ կամավորական միության միջեւ  հուշագրի ստորագրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը՝անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր, ազատամարտիկ Ռուբեն Գեւորգյանի ստեղծած «Ազատամարտիկների դաշինքի» եւ ԵԿՄ-ի միջեւ կոնֆլիկտին:

«Ազատամարտիկները ոչ մեկի հոր սեփականությունը չեն, Հայաստանի Հանրապետությանն  են: Բաժանումներ մի արեք: Ինքը միայն պետության համար պետք ա բանի անի: Եթե էդ մարդը մտնում ա քաղաքականության մեջ ու իրան չի ներկայացնում քաղաքական գործիչ, այլ ազատամարտիկ ա ներկայանում, նա էլ ազատամարտիկ չի: Ազատամարտիկը էն մարդն ա, ով հայրենիք ա պաշտպանում, սահման ա պաշտպանում, զենք ա վերցնում: Եթե գնում ա ինչ-որ քաղաքական գործիչի կողքն ա կանգնում, ուրեմն էլ ազատամարտիկ չի, քաղաքական գործիչ ա, ազատամարտիկ բառը պետք ա թողան»,- նշեց Մանվել Գրիգորյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե գեներալն  էլ Հանրապետական կուսակցության կողքին է կանգնած, գեներալը պատասխանեց.

« Հանրապետական կուսակցությունը դա Աշոտ Նավասարդյանն ա, դա Վազգեն Սարգսյանն ա, Անդրանիկ Մարգարյանն ա, Սերժ Սարգսյանն ա, իրանք բոլորն էլ ազատամարտիկ են,  կռիվ անցած, երկիր կառուցած մարդիկ են: Հանրապետական կուսակցությունը, Գարեգին Նժդեհի գաղափարակիցն ա: Ճիշտ ա այնտեղ քաղաքական գործիչներ կան, բայց մենք ոչ թե կողքին ենք կանգնած այլ Նժդեհի գաղափարակիցներից մեկն ենք»,-ասաց նա:

Մանվել Գրիգորյանի խոսքով, ինքը միշտ կանգնում է պետության պետականության կողքին:

«ԵԿՄ-ն էն կառույցն ա, որ պետությունն ա ստեղծել: Ես ժամանակին կագնել եմ Լեւոն Տեր պետրոսյանի կողքին, երբ որ նախագահ ա եղել, կանգնել եմ Ռոբերտ Քոչարյանի կողքին: Երկրապահը պարտավոր ա կանգնել պետության, պետականության կողքին»,- ասաց գեներալը:

Հարցին, թե կկանգնի արդյոք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողքին, եթե նա նախագահ դառնա, Մանվել Գրիգորյանը պատասխանեց.« Եթե դառնա նոր էդ ժամանակ կխոսանք: Հլա պիտի դառնա»: