Պաշտոնյաների տների վրա հարձակումների կամ այսպես կոչված «Բանդայի» գործով  պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանը եւ նրա պաշտպան Գուրգեն Արսենյանն այսօր՝ նոյեմբերի 12-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հանդես եկան միջնորդությամբ՝ պահանջելով գործում առկա նյութերին կցել նաեւ լազերային տեսաերիզը եւ դրանից կատարված լուսանկարները, որոնք ներկայացնում են դեպքի վայրից հայտնաբերված իրեղեն ապացույցները, բացի դրանից՝ մեղադրյալի նկատմամբ իրականացված գաղտնալսման եւ գաղտնատեսաձայնագրման նյութերը։

Արտուշ Հակոբյանը պահանջեց նաեւ դատարան հրավիրել «Ամառանոցային 20» հասցեում՝ դեպքի վայրում զննություն իրականացրած ընթերականերին:

«Թող ընթերակաները գան, հարցնենք՝ դեպքի վայրում զուգագուլպաներն են եղել, թե տեսանյութում ներկայացված սեւ դիմակները»,- ասաց Արտուշ Հակոբյանը։

Պաշտպան Գուրգեն Արսենյանը հանդես եկավ եւս մեկ միջնորդությամբ, որով պահանջեց Արտուշ Հակոբյանի մեքենայի զննության արձանագրությունը անհիմն ճանաչել եւ մեքենայում հայտնաբերված իրեղեն ապացույց համարվող թմրամիջոցը գործին չկցել, քանի որ մեքենան «Ագուլիս» ռեստորանային համալիրից տեղափոխվել է տուգանային հրապարակ եւ մեկ օր ոստիկանների մոտ է եղել՝ չբացառելով, որ ոստիկանները կարող էին թմրանյութը գցած լինել մեքենայի մեջ։

«Սաղ գիշեր ավտոն իրանց մոտ ա եղել, թմրանյութի վրա էլ իմ մատնահետքերը չեն հայտնաբերվել»,- փաստաբանի խոսքը լրացրեց Արտուշ Հակոբյանը։

Դատարանը բավարարեց Արտուշ Հակոբյանի եւ նրա պաշտպանի ներկայացրած միջնորդությունը միայն լազերային տեսաերիզը եւ լուսանկարները գործին կցելու մասով՝ խոստանալով մյուս միջնորդությունները քննել խորհրդակցության սենյակում, սակայն դրանց հետ կապված այդպես էլ ոչ մի հայտարարություն չարվեց։

Արտուշ Հակոբյանի պահանջով՝ դատարան բերվեց նաեւ դեպքի վայրում հայտնաբերված սպորտային պայուսակը, որի վերաբերյալ վերջինը կասկած հայտնեց, սակայն հետո համոզվեց, որ նույն պայուսակն է։ Նա նաեւ ցանկություն հայտնեց դատարանում գլխին քաշել իրեղեն ապացույց համարվող զուգագուլպան, որպեսզի ապացուցի, որ այն իր գլխով չի լինում. «100 հատ զուգագուլպա եմ փորձել, ոչ մեկը գլուխս չի մտել։ Ուզում եմ տեսնեմ էս մեկը կմտնի, թե չէ ։

Դատավորը բավարարեց նրա միջնորդությունը։ Պահասենյակից բերված զուգագուլպան փորձելուց հետո, Արտուշ Հակոբյանը հաստատեց, որ այն իր գլխով լինում է։

Բոլոր 4 պաշտպանների անունից միջնորդությամբ այսօր հանդես եկավ նաեւ Սամվել Դավթյանի պաշտպան Կարեն Հակոբյանը՝ պահանջելով նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանի ինքնաբացարկը։ Կարեն Հակոբյանի եւ մյուս պաշտպանների կարծիքով՝ դատավորը կանխակալ վերաբերմունք է ցուցաբերում ամբաստանյալների նկատմամբ եւ հանդես է գալիս՝ ի նպաստ մեզադրողի շահերի, մերժելով պաշտպանական կողմի ներկայացրած մի շարք միջնորդություններ՝ խախտում է արդար դատաքննության սկզբունքը։

Մեղադրող դատախազ Սասուն Խաչատրյանը պահանջեց մերժել դատավորի նկատմամբ բացարկի միջնորդությունը, քանի որ այն անհիմն է, պատճառաբանված չէ եւ արվել է ենթադրությունների հիման վրա։

«Իհարկե, բոլորս էլ կցանկանանք, որպեսզի դատավորը բավարարի մեր բոլոր միջնորդությունները: Սակայն միջնորդությունների հետ կապված դատարանի կայացրած ամեն որոշում չէ, որ կարող է մեր սրտով լինել»,- նշեց մեղադրողը։

Խորհրդակցությունից հետո նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց իր ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը։ Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 19-ին։

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը,  Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա։