Առաջին կարգի հաշմանդամ ազատամարտիկ Գագիկ Հովհաննիսյանի կինը՝ 42-ամյա Արմենուհի Մանուկյանը սպառնում է 12 երեխաների հետ վաղվանից հացադուլ սկսել կառավարության շենքի մոտ, եթե կառավարությունը իրեն չաջակցի՝ 6 երեխաներին դպրոց ուղարկելու հարցում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արմենուհի Մանուկյանը՝ նշելով, որ բազմիցս դիմել է Կառավարություն, սակայն ոչ մի աջակցություն չի ստացել:

«Եթե իմ հարցին լուծում չտան, ես վաղը հենց այստեղ հացադուլի կնստեմ, եթե դա էլ օգուտ չտվեց, թող ասեն, որ այսպիսի ընտանիքներ պետք չեն  մեզ, թող ինքնաթիռի տոմս տան, գնանք ուրիշ երկիր, որտեղ իմ երեխեն նորմալ կապրի, կրթություն կստանա, ոչ թե անգրագետ կմնա»,-ասաց նա:

Տիկին Արմենուհու խոսքով՝ իր 12 երեխաներից 6-ը դպրոցական են,սակայն սեպտեմբերից հագուստ չունենալու պատճառով դպրոց չեն հաճախում. «Ունեմ 12 երեխա, որոնցից  6-ը դպրոցական են եւ սեպտեմբերից 1-ից դպրոց չեն հաճախում: Դիմել եմ կառավարությանը, սակայն ոչ մեկ չի աջակցում»:

Արմենուհի Մանուկյանը՝ նշեց, որ Շենգավիթի թաղապետարանը որպես օգնություն երեխաներին կոշիկ եւ հագուստ է տվել, սակայն հագուստը երեխաները չեն կարողանում հագնել, որովհետեւ մեծ չափսերի են:

«Երբ որ դանակը ոսկորին հասավ, աղմուկով մտանք թաղապետարան, որ այս ինչ եք անում, սեպտեմբերի 1-ին ինչպես են երեխաները դպրոց գնալու, ինձ ուղարկեցին կալոշներ եւ իմ բոյից մեծ հագուստներ, որ իմ երեխաները չեն կարող հագնել, դպրոց հաճախել»,-ասաց Արմենուհի Մանուկյանը:

Ազատամարտիկ Գագիկ Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ պատերազմի ընթացքում 12 ընկեր է կորցրել եւ դրանից հետո երդվել է 12 երեխա ունենալ:

«Ես 12 ընկեր եմ կորցրել, ու ասել եմ, որ 12 երեխա պիտի ունենամ, թուրք խփելով մենք մեր ընկերներին հետ չենք բերի: Դեռ 5 տղա էլ պիտի ունենամ, ու Հայաստանից ոչ մի տեղ չեմ գնալու: Ինձ աղքատության նպաստ թող չտան, ես աղքատ չեմ,12 երեխա ունեմ, բոլորից էլ հարուստ եմ»,-ասաց Գագիկ Հովհաննիսյանը, որը նշեց, որ 5 անգամ վիրավորվել է, հաշմանդամ է, եւ չի կարողանում աշխատել:

Արմենուհի Մանուկյանը դիմում հանձնեց Կառավարության նամակների եւ դիմումների բաժին, որտեղ նրան խոստացան 2 օրից պատասխանել: