Ստամբուլի դատախազությունը առանց հարցաքննության ազատ է արձակել ամերիկացի 3 զինվորին ծեծած եւ գլխներին պարկ քաշած ազգայնական «Թուրքիայի երիտասարդական միության» 12 անդամներին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 12-ին 3 ամերիկացի զինվորներին ծեծելուց եւ նրանց գլխին պարկ քաշելուց հետո ոստիկանությունը ձերբակալել էր դեպքի մասնակից 12 երիտասարդի։ Ձերբակալությունից ժամեր անց նրանց ներկայացրել էին դատախազություն, սակայն դատախազությունը անհրաժեշտություն չի տեսել նրանց նկատմամբ հետաքննություն սկսել եւ առանց հարցաքննության ազատ է արձակել։
Նշենք, որ Սեւ ծովում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց հետո Ստամբուլում խարիսխ գցած USS ROSS ամերիկյան նավում ծառայող 3 զինվորներ նավից իջնելուց հետո ենթարկվել են հարձակման «Թուրքիայի երիտասարդական միության» անդամների կողմից։
TGB-ի անդամները տարբեր իրերով հարվածել են ամերիկացի զինվորներին, որից հետո նրանց գլխին պարկ քաշել։
Հատկանշական է այն հանգամանքը, որ օրը ցերեկով օտարեկրացիներին ծեծելու ընթացքում քաղաքացիները աջակցել են ծեծողներին։











