Երեւանի բնակչուհի Մարինե Ավետյանը այսօր նոյեմբերի 13-ին, Կառավարություն էր եկել 3-ամյա դստեր՝ Էվելինա Ավետյանի հետ՝ վարչապետից դստեր բուժման համար օգնություն խնդրելու: Կնոջ խոսքով՝ 3-ամյա Էվելինան տառապում է բնածին կոնքազդրային հոդախախտով, որը բուժելու համար անհրաժեշտ է 4 մլն դրամ արժեցող հարմարանքի տեղադրում:
«Ես դիմել եմ վարչապետին, վարչապետն ասաց՝ կօգնենք այդ հարցով, փաստաթղթերը ուղարկեց առողջապահության նախարարություն, սակայն այնտեղ մերժեցին, ասեցին, որ այն միայն վճարովի հիմունքներով է: Ես հիմա խնդրում եմ օգնել, թող ինձ գումար չտան, թող փոխանցում անեն, ես իմ երեխային կարողանամ վիրահատել»,-ասաց Մարինե Ավետյանը:
Կինը պատմեց, որ մշտական աշխատանք չունի, զբաղվում է մանր իրերի վաճառքով, ունի 4 երեխա եւ վարձով է բնակվում Երեւանում:
«Ընտանիքում աշխատող չունենք, կանաչի եմ վաճառում, կամ արեւածաղիկ, բայց երբ երեխային հիվանդանոց պիտի տանեինք նույնիսկ մուրացկանություն եմ մի քանի օր արել, որ երեխաս բուժվի»,-ասաց տիկին Մարինեն:











