Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից խոցված ուղղաթիռի 25-ամյա ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, որն, ըստ նախնական տեղեկությունների, զոհվել է, ոսկե մեդալով էր ավարտել մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը, 4 տարի է, ինչ ծառայում էր զինված ուժերում:
Սարգիս Նազարյանի տան պահարանին նրա մի քանի տասնյակ պատվոգրերը, գովասանագրերն ու մեդալներն են գերակշռում: Դրանց մի մասը ստացել է դպրոցական տարիքում, երբ սպորտով է զբաղվել, մի մասն էլ՝ համալսարանում սովորելու եւ զինված ուժերում ծառայելու տարիներին:
Սարգիսի հարեւանները նրան հիշում են որպես խելացի, պարտաճանաչ տղայի:
«Մենք իրեն փոքրուց գիտենք, արտակարգ երեխա էր, չափից դուրս աշխատասեր: Սովորելու ձգտում ուներ ավելի առաջ գնալու: Գերազանց ավարտել էր ինստիտուտը, ոսկե մեդալով: Ձյուդոյով էր զբաղվում, շատ մրցումների էր մասնակցել, առաջին տեղ գրավել, պատվոգրեր ուներ: Ինչքան դրական բան կա կարելի է ասել իր մասին: Ընկերասեր էր, ազնվության համար պայքարում էր: Իրեն բոլոր ճանաչողները խորը ցավ են ապրում»,-NEWS.am-ին պատմեց հարեւանուհիներից Գայանե Դաշտոյանը:
Ավիացիոն մեխանիկի մասնագիտությունը Սարգիսին դեռ մանկուց է հետաքրքրել: Դպրոցական տարիքում ավիացիոն խմբակ հաճախած տղայի ինքնաշեն ինքնաթիռները դեռ տան պահարանին են:
«Ինքնաթիռներ էր պատրաստում, այդ դպրոցի հետեւում դաշտ կար, տանում էնտեղից թռցնում էր: Շատ խելացի էր, շատ ուղեղով էր: Շատ էր սիրում իր մասնագիտությունը, չափից դուրս աշխատասեր էր: Ինստիտուտում առաջարկել են, որ մնա այնտեղ որպես դասախոս, բայց չի ուզել, ասել է՝ ես պիտի առաջ գնամ»,-պատմեց հարեւանուհին:
Սարգիսը տան 5 զավակներից մեկն էր, ամուսնացած չէր:
«Մաման ասում էր՝ Սարգիս ջան, ամուսնացի, հերիք ա, ինքն ասում էր՝ մինչեւ չկանգնեմ ոտքի վրա, չեմ ամուսնանա, ուզում եմ իմ ընտանիքին կարողանամ ամեն ինչով ապահովել»,-ասաց հարեւանուհին:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է, ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը, մահացած մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:











