Հայաստանի քաղաքական դաշտը պետք է մաքրվի քաղաքական գործակալներից: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Նախախորհրդարանը»:

«Նախախորհրդարանի» մամուլի խոսնակ, Հինադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածու վարուժան Ավետիսյանի խոսքով՝ անկախությունից հետո մենք չկարողացանք համապատասխան քաղաքական ներուժ ապահովել, որն ի վիճակի կլիներ կազմակերպել մեր ժողովրդին, ձեւավորել ինքնիշխան պետություն եւ վարել արտաքին ու ներքին ազգանպաստ քաղաքականություն:

«Օտարին հաջողվեց հենվել մեր երկրում առկա նյութապաշտ ու ստրկամիտ քաղաքական գործակալների շերտի վրա, եւ նրանց բերել կառավարման լծակներին մոտ: Իսկ ազգի սերուցքը զբաղված էր Արցախյան պատերազմով եւ ի վիճակի չէր երկու ճակատով պայքարելու (ընդ որում՝ նրանց զգալի մասը զոհվեց, եւ մի մասի զոհվելու հանգամանքները մինչ օրս պարզված չեն, բայց կան հիմնավոր կասկածներ, որ դա արվեց այս գործընթացը սպասարկելու նպատակով):

Այս ամենի հետեւանքով ունեցանք քաղաքական գործակալների շերտի կողմից կառավարվող երկիր, որոնք մեզ տարան դեպի գաղութացում եւ կախյալություն»,-ընդգծել է նա: