«Ձեզ է պետք քնեցնել», «Որտեղ թաքնվեն անտունները անհոգիներից», «Դադարեցրեք կենդանիների սպանդը» պաստառներով տասնյակ քաղաքացիներ քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա անցկացնելուց հետո սկսեցին երթը դեպի կառավարություն՝ ի պաշտպանություն դեռ կենդանի մնացած կենդանիների եւ ի հիշատակ բոլոր անմեղ սպանվածների: NEWS.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասացին, որ իրենց պահանջն է, որ անտուն կենդանիների խնդիրներով զբաղվող «Յունիգրաֆ իքս» կազմակերպությունը դադարեցնի իր աշխատանքը, քանի որ նրանք ոչ թե կենդանիների խնդիրն են լուծում, այլ միայն պետության կողմից հատկացված գումարներն են յուրացնում։
«Նրանք միայն թվաքանակ են ապահովում, չգիտեմ մեկ կենդանու պոչը 1000 թե 2000 դրամ է, իսկ այդ գործը քաղաքապետարանը կարող է վստահել կենդանասերներին եւ ոչ թե «Յունիգրաֆին», որը կենդանիների սպանդ է իրականացնում եւ նրանց պահում վատ պայմաններում։ Շներին սպանելու փոխարեն նրանք պետք է ստեղծեն համապատասխան կացարաններ»,-ասաց Արմինե Մանուչարյանը, որի շանը վերջերս սպանել էին շենքի բակում։
Նշեք, որ Արմինե Մանուչարյանը իր շանը սպանելու հայցով դիմել է ոստիկանությունը, որպեսզի պարզեն ով է սպանել շանը։ Նա վստահ է, որ սպանողը «Յունիգրաֆից» է։
Ակցիայի մասնակիցները ճանապարհին վանկարկում են «Տարոն հեռացիր», քանի որ նրանք կարծում են, որ կենդանիների սպանդն իրականացվում է Տարոն Մարգարյանի սխալ հրահանգների պատճառով։
Կառավարության մոտ ակցիայի մասնակիցները պարզեցին «Ինչո՞ւ են մեր փողերով մարդասպաններն ու գողերը ապրում, իսկ կենդանիները սպանվում» գրությամբ պաստառ եւ նամակ հանձնեցին կառավարություն՝վարչապետ Հովիկ Աբրահամյանից պահանջելով հսկողություն իրականացնել պետբյուջեի նկատմամբ եւ թույլ չտալ, որ «Յունգրաֆ իքսը» յուրացնի այդ գումարները։
Կառավարությունից ակցիայի մասնակիցները երթով գնալու են Նախագահական, պահանջով, որ «Յունիգրաֆ իքսի» հետ պայմանագիրը խզվի եւ նոր կազմակերպություն, նոր պայմաներով զբաղվի կենդանիների խնդիրներով։
Նշենք, որ երթի մասնակիցները իրենց հետ բերել են նաեւ իրենց կենդանիներին՝ շներին։











