Թափառող կենդանիների վնասազերծմամբ եւ ստերիլիզացմամբ զբաղվող «Յունիգրաֆ-իքս» ընկերության լուծարումը պահանջող մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր՝նոյեմբերի 14-ին, իրենց բողոքի ակցիան շարունակեցին նախագահական նստավայրի դիմաց, եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակ հանձնեցին:

Կենդանասերները նախագահից պահանջում են, վերահսկել եւ վերջ դնել կենդանիների սպանդին:

«Կենդանիների ոչնչացման մեքենայի աշխատացումը ցանկացած ձեւով լինի կրակում, թե քնեցում, երբեւէ չի հանգեցնի անտուն կենդանիների վերացմանը: Մենք պահաջում ենք, որպեսզի  «Յունիգրաֆ-իքսը» լուծարվի եւ նոր տենդեր հայտարարվի եւ բյուջեի գումարները ճիշտ ծախսվեն»,-նշված էր նախագահի ուղղված նամակում:

Նամակը անձնագրային բաժին հանձնելուց հետո, «Դինգո Թիմ» հասարակական կազմակերպության անդամ Արփինե Բեգլարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք հույս ունենք, որ նախագահը վերսկողություն կսահմանի:

«Հույս ունենք, որ վերահսկողություն կսահմանվի առաջին հերթին բյուջեից մսխվող գումարների նկատմամբ, եւ երկրորդը՝ հետեւողական մոտեցում կլինի կենդանիների անտնության վերացման հարցում: Չի կարելի կենդանուն վերցնել, տանել եւ տանջանքների ենթարկել: Բյուջեից գումարը գնում է համապատասխան մարդկանց, ովքեր դրանք մսխում են՝ ներկայացնելով աշխատանք, որը  չի կատարվել»,-ասաց Արփինե Բեգլարյանը՝ նշելով որ իրենց հետագա քայլերը կախված են պետական մարմինների արձագանքից:

Մինչեւ նախագահական նստավայր գալը կենդանասերները,  «Ձեզ է պետք քնեցնել», «Որտեղ թաքնվեն անտունները անհոգիներից», «Դադարեցրեք կենդանիների սպանդը» գրությամբ պաստառներով հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց եւ երթով շարժվել դեպի Կառավարության շենք: