Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների 90 տոկոսը ուսումը շարունակում են Հայաստանում եւ արտերկրի բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններում: Այս մասին այսօր` նոյեմբերի 15-ին, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը:

«21 տարվա ընթացքում մենք ունենք 1173 շրջանավարտ, որոնք ՀՀ զինված ուժերում զբաղեցնում են տարբեր պաշտոններ: Ամեն տարի օգոստոսի  վերջին մենք ընդունում ենք հերթական հոսքը, վարժարան դիմում են երեխաներ տարբեր մարզերից եւ այսօր վարժարանի հետ կապված 82 սաներ երդման արարողության են մասնակցում եւ 3 տարի շարունակելու են իրենց ուսումը վարժարանում»,-ասաց Վիտալի Ոսկանյանը`նշելով, որ վարժարանում կրթությունը նաեւ բարդություններ ունի, քանի որ տարբեր ընտանիքների երեխաներ են միասին սովորում:

Վիտալի Ոսկանյանը նշեց, որ վարժարանը իր կազմավորման 21 տարիների ընթացքում  բազմաթիվ հաջողությունների է հասել, 2007թ.-ից սկսել է մասնակցել միջազգային տարբեր հավաքների եւ զբաղեցրել բարձր հորիզոնականներ:

Ռազմական վարժարանի 18-ամյա սան Գեղամ Կիրակոսյանը էլ NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ սահմանամերձ Դովեղ գյուղից է եւ միշտ երազել է զինվորական դառնալ:

«Կրթությունս շարունակելու եմ ՌԴ-ում` բարձրագույն  ռազմական հաստատությունում, որից հետո վերադառնալու եմ, որպեսզի ծառայեմ հայրենիքիս»,-ասաց նա:

Ռազմամարզական վարժարանի սաները ներկաներին զարմացրեցին ցուցադրական վարժություններով: Միջոցառման ընթացքում պաշտպանության նախարարության կադրերի եւ ռազմական կրթության պետի հրամանով պարգեւատրվեցին վարժարանի ուսուցիչներ եւ սաներ:

Նշենք, որ ռազմամարզկան վարժարանը ստեղծվել է 1993թ. իսկ 1994թ. կոչվել է Մոնթե Մելքոնյանի անվամբ: