Երեւանի Շիրակի փողոցի բնակչուհի, 31-ամյա Լիլիթ Մանուկյանը նոյեմբերի 8-ի գիշերը գինովցած վիճել է տաքսու վարորդի հետ եւ եղբոր՝Արմեն Մանուկյանի հետ ծեծել նրան:
Լիլիթ Մանուկյանի մայրը՝ Անուշ Զաքարյանը, դեպքի գիշերը զանգահարել է ոստիկանություն, բողոքել, որ տաքսու վարորդը ծեծել է դստերը եւ հափշտակել նրա մոտ եղած գումարը:
Ահազանգից հետո ոստիկանները վեճի մասնակիցներին հրավիրել են ոստիկանություն, որտեղ վարորդը պատմել է, որ ուղեւորները, տուն հասնելով, հրաժարվել են վճարել տաքսու գումարը, իսկ երբ ինքը իջել է ավտոմեքենայից՝ Լիլիթին ճանաչող մեկին գտնելու համար, Լիլիթը հարձակվել է իր վրա, կծել ականջը:
«Գլխիս ուժեղ հարված ստացա, ընկա, տեսա, որ ուղեւորուհիս էր, մատերով փորձում էր պատռել բերանս: Վերջում քարե պեմզաբլոկով խփեց գլխիս եւ ես կորցրի գիտակցությունս»,- պատմել է տուժած վարորդը՝նշելով, որ դրանից հետո Լիլիթին միացել է նրա՝ նախկինում դատապարտված եղբայրը, իրեն տարել են մեկ այլ տարածք եւ փայտով ծեծել:
Լիլիթ Մանուկյանը ոստիկանությունում հայտնել է, որ վեճ է սկսվել, քանի որ տաքսու վարորդը 1000 դրամի փոխարեն իրենից 3500 դրամ է պահանջել:
«Ես եմ, ընկերուհիս ա, ընկերուհուս ընկերն ա: Գնացել էինք, մի քիչ լավ էինք՝ գինովցած: Դուրս եկանք, արդեն ուզում էինք տուն գնալ, պատահական տաքսի կանգնավ, ասի՝ տար ինձ Աէրացիա: Արգավանդից մինչեւ Աէրացիա 1000 դրամ ա բռնում, ինքը ինձնից 3500 դրամ ուզեց»,- պատմել է Լիլիթ Մանուկյանը
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ 3 հոդվածով՝ դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, ավազակության եւ դիտավորությամբ ուրիշի գույքը վնասելու կամ ոչնչացնելու հատկանիշներով:











