Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է գողացված բանկային քարտով բանկոմատից գումար կանխիկացնելու եւ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե դեպքը տեղի է ունեցել 2014թ. սեպտեմբերի 25-ին` առավոտյան, առերեւույթ հանցագործություն կատարած անձը Երեւան քաղաքի Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի մոտակայքում՝ երթուղային տաքսու մեջ, գաղտնի հափշտակել է ուղեւորուհի Ալոյանի դրամապանակը, որից հետո դրամապանակի մեջ գտնվող բանկային քարտի միջոցով տարբեր բանկերին պատկանող բանկոմատներից կանխիկացրել եւ հափշտակել է 185.000 ՀՀ դրամ:
Նախաքննության ընթացքում բանկից նախաքննական մարմնին տրամադրել են քարտի հաշվի քաղվածքը, ինչպես նաեւ՝ կանխիկացման գործարքներից մեկի տեսագրությունը։
Ովքեր ճանաչում են կամ որեւէ տեղեկություն ունեն տեսանյութում պատկերված անձի ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում են հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:











