Երեւանի 10-ից ավելի դպրոցների սաներ այսօր՝ նոյեմբերի 15-ին, Երեւանի կենդանաբանական այգում դդումից եւ մրգերից իրենց ձեռքով ուտեսներ պատրաստեցին եւ դրանցով կերակրեցին Երեւանի կենդանաբանական այգու իրենց նախընտրած կենդանիներին: «Դդմի օր» ամենամյա տոն-մրցույթին երեխաների պատրաստած ուտեսները նաեւ մրցեցին «Ամենանորարար ձեւավորում», «Լավագույն գաղափար», եւ «Ամենահամեղ ուտեստ» անվանակարգերում, հաղթողները պարգեւատրվեցին:
5-15 տարեկան երեխաները կենդանիների համար ուտեսները պատրաստեցին իրենց հետ կենդանաբանական այգի բերած մրգերից, դդումից ու այլ բանջարեղեններից, զարդարեցին դրանք իրենց ծնողների եւ ուսուցիչների օգնությամբ:
Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի խոսքով՝ այս եւ նմանատիպ այլ միջոցառումների նպատակը երեխաներին կենդանական աշխարհին մոտեցնելն է:
«Տարեցտարի ավելանում է միջոցառումների թիվը: Նպատակը՝ կենդանաբանական այգին երեխաների եւ մեր քաղաքացիների համար սիրելի վայր դարձնելն է եւ երեխաներին բնությանը, բնապահպանությանը մոտեցենելը: Եթե երեխան փոքր տարիքից այդ հոգով է դաստիարակվում, շատ ավելի պայծառ ապագա կարող է ունենալ»,-լրագրողներին ասաց Ռուբեն Խաչատրյանը:
Նշենք, որ «Դդմի օր» մրցույթն ացկացվեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:











