N զորամասն արդեն 20 տարեկան է, տարիներ շարունակ այն լավագույնն է ճանաչվում: (ֆոտոռեպորտաժ)
NEWS.am-ի նկարահանող խումբն օրերս այցելել է զորամաս՝ տեղում ծանոթանալու ճաշարանին, զորանոցին եւ զինծառայողների առօրյային:
Զորանոցում իդեալական մաքրություն է, անկյունում փոշեկուլն է, սենյակի կենտրոնում արդուկն ու արդուկելու տախտակը: Զինծառայողները հայտնում են՝ իրենք այլեւս ավելով չեն մաքրում տարածքը, իսկ լվացքն էլ ձեռքով չեն անում: Զորամասի պատասխանատուների խոսքով՝ արդեն տեւական ժամանակ իրենք լվացքի մեքենա եւ փոշեկուլ ունեն. «Մաքրության համապատասխան միջոցներն ունենք, ամեն մի մանրուք ունենք այստեղ, բոլորն ապահովված են»:
Մեր այցելության պահին զորանոցը դատարկ էր. զինվորները շտապում էին ճաշարան՝ ընթրելու: Զորամասի հրամանատարի տեղակալ Լեռնիկ Ասրյանի խոսքով՝ իրենց մոտ նախաճաշը, ճաշն ու ընթրիքը սկսվում է միայն հայրենասիրական երգերով եւ աղոթքներով:
Ընթրիքին այս ժամին փլավ է, հաց, թեյ եւ թթվասեր: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ճաշարանի ավագ խոհարար Լարիսա Հարությունյանը ներկայացնում է ճաշացուցակը. «Նախաճաշին պյուրե է, ճաշին տալիս ենք մակարոնով, կարտոֆիլով կամ սիսեռով սուպ, եւ հնդկաձավար կամ ցորենաձավար, իսկ ընթրիքին էլ լինում է փլավ»:
Տոն օրերին էլ ժամկետային զինծառայող Տիգրան Մուրադյանի խոսքով՝ այս ամենին ավելանում է քաղցրավենիքը, ջեմն ու կաթնամթերքը:
«Նոր տարվանն էլ տորթ ու խորոված է լինում, շատ լավ ենք նշում այդ օրը»,- նշում է Տիգրանը:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











