Գողության եւ բռնաբարության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված նախկին ոստիկան Էդգար Վարագյանի հարազատները պատրաստվում են բողոքարկել այսօր` նոյեմբերի 17-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը եւ հակընդդեմ հայց ներկայացնել տուժող Քառոլինայի դեմ՝ պահանջելով փոխհատուցում իրենց հասցված բարոյական եւ հոգեկան վնասի համար:
«Վճիռն ամբողջովին կեղծված էր: Ես, Էդգար Վարագյանին լավ ճանաչելով, վստահ եմ, որ ինքը կապ չուներ: Շատ փաստեր ապացուցեց ինքը, բայց դատավորը թույլ չտվեց, որ այդ փաստերը ջրի երես հաներ Էդգարը: Անընդհատ մերժեց իր բոլոր միջնորդությունները դատական նիստերի ընթացքում: Մենք հույս ունեինք, որ մեր երկրում ճիշտ օրենքներ գործում են, բայց այսօր հակառակում համոզվեցինք: Մի մարդ, ով ամեն տարի բողոքում է եւ տարբեր մարդկանցից գումար է շորթում, էսօր իր հայցը բավարարում են, իսկ Էդգար Վարագյանին, ով մինչեւ այսօր պաշտպանել է մեր երկիրը հանցագործներից, դարձնում են հանցագործ: Ամեն դեպքում, մինչեւ վերջ մենք բողոքելու ենք`ընդհուպ մինչեւ արդարադատության նախարարություն: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի ապացուցենք, որ Էդգարը մեղավոր չէր, իսկ Քառոլինան պետք է մեզ պատասխան տա թե բարոյական, թե հոգեկան վնասի համար»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Էդգար Վարագյանի ընկերուհին` Անի Հովհաննիսյանը:
Էդգար Վարագյանի հայրը` Հովհաննես Վարագյանը, որդուն 15 տարի ազատազրկման ենթարկելու «անարդարացի» որոշման մեջ մեղադրեց դատավորին, դատախազին եւ քննիչներին` պնդելով, թե վերջինները «ծախված են», իսկ իր որդին՝ անմեղ: Նրա խոսքով՝ դատախազ Գեւորգ Գեւորգյանը եւ տուժող Քառոլինան համագործակցում են, «շատ ուժեղ գործերի մեջ են»։
«Դատավորից, դատախազից, քննիչներից բռնած սաղ ծախված են: Տեսաք, որ էդ էրեխու 3 հատորի մեջ մի փաստաթուղթ չկար, որ հիմնավորվեր: Բռնաբարության հետք չկա, ինչի՞ հիման վրա եք 15 տարի տալիս եւ 3 միլիոնի գանձում անում, ինչի՞ համար: Դատախազի պես սրիկա մարդիկ շատ կան էս աշխարհի մեջ: Նստած փող են վաստակում մենակ: Վերաքննիչ էլ պիտի բողոքեմ, Վճռաբեկ էլ պիտի բողոքեմ, Եվրոդատարան էլ կբողոքեմ, քանի սաղ եմ, կբողոքեմ»,- NEWS.am- զրույցում ասաց ամբաստանյալի հայրը:
Նշենք, որ այսօր` նոյեմբերի 17-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Էդգար Վարագյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման` նրան մեղավոր ճանաչելով ՀՀ ՔՕ 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ կետերով, 139 հոդվածի 1-ին մասով, 138-րդ հոդվածի 1-ին մասով` հօգուտ տուժող Ք.Բ.-ի բռնագանձել 3 մլն 907 հազար 296 ՀՀ դրամ՝որպես նյութական փոխհատուցում:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Էդգար Վարագյանը, նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին դիմակավորված մտել է Ք.Բ.-ին պատկանող տուն, զենքի սպառնալիքով կապել Ք.Բ.-ի և նրա դստեր՝ անչափահաս Է.Ս.-ի ձեռքերը, հափշտակել ոսկյա զարդեր ու 5000 ԱՄՆ դոլար գումար, նաեւ արժեքավոր գույք, ապա հարկադրաբար մորն ու դստերը տեղավորել նրանց իսկ պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկում, տեղափոխել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամայի դաշտային տարածք, որտեղ բեռնախցիկից դուրս բերելով մորը՝ իր մոտ գտնվող դանակի ու ատրճանակի սպառնալիքով նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն, այնուհետեւ բեռնախցիկից դուրս է հանել նրա դստերը և մոր հետ նրան թողնելով դաշտում՝ նրանց ավտոմեքենայով հեռացել է: Մեղադրող դատախազը նրա համար պահանջել էր 18 տարվա ազատազրկում:











