«Ոչ ռոումինգին» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամները կոչ են անում դեկտեմբերի 1-ին մեկ օրով չօգտվել Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում գործող բոլոր չորս բջջային օպերատորների սպասարկած կապից՝ ի նշան բողոքի Արցախի հետ գործող ռոումինգ ծառայության։
«Սա Հայաստանն է և վերջ... Լեոնիդ Ազգալդյանի այս խոսքերը սիրում են ցիտել և իշխանությունները, և ընդդիմադիրները, իսկ իրականում նրանք բոլորն էլ հանդուրժում են Արցախի հետ ամոթալի ռոումինգային կապն ու սակագները: 1989թ. դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ ԳԽ-ն և ԼՂԻՄ-ի Ազգային խորհուրդը համատեղ որոշմամբ հռչակել են Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը, սակայն Արցախում գործող ռոումինգը բաժանողական քաղաքականության ամենավառ օրինակն է, և դրա դեմ պետք է պայքարել անհապաղ»,- ասվում է ֆեյսբուքյան նախաձեռնության տարածած հայտարարությունում։
Նախաձեռնության հեղինակ Արշակ Զաքարյանը բոլոր 4 օպերատորներին կոչ է անում վերացնել ռոումինգ ծառայությունը Արցախում. «Եթե չեն կարողանում վերացնել ռոումինգը Արցախում, թող հեռանան մեր երկրից, կգան այնպիսի օպերատորներ, որոնք կհարգեն մեր ժողովրդի կամքը եւ այսպիսի ամոթալի երեւույթ, ինչպիսին ռոումինգն է Արցախի, տարածքում չի լինի»։











