ԱՄՆ-ը Պետդեպարտամենտում տեղյակ են, որ արգելվել է ԵԱՀԿ-ի ներկայացուցչի այցը ադրբեջանցիների կողմից խոցված հայկական ուղղաթիռի անկման վայր։ Այդ մասին «Ամերիկայի Ձայն»-ի հարցին ի պատասխան ասել է Պետդեպարտամենտի մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Ջեֆ Ռաթկեն։
«Ամերիկայի Ձայն»-ի հարցին՝ տեղեկություններ ունե՞ն արդյոք այն մասին, որ Երեւանում Միացյալ Նահանգների դեսպանը ադրբեջանցիների կողմից կործանված հայկական ուղղաթիռի անձնակազմի մարմինները դուրս բերելու հարցով հանդիպում է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի հետ, Ռաթկեն պատասխանել է, թե ինքն այդ մասին տեղեկություններ չունի, ու խնդրել է ներկայացնել հարցի բովանդակությունը։
Ինչ վերաբերում է նրան, որ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին թույլ չեն տվել այցելել ուղղաթիռի կործանման վայրը, Ջեֆ Ռաթկեն նշել է. «Մենք գիտենք, որ արգելել են ԵԱՀԿ-ի ներկայացուցչի այցը։ Եվ մեր դիրքորոշումը չի փոխվել։ Սա մեկ անգամ եւս հիշեցնում է բոլոր կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ լուծում տալու համար ջանքերը կրկնապատկելու կարեւորությունը։ Դրանից ավելին ասելու ոչինչ չունեմ»:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է, ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը, մահացած մյուս երկու զինծառայողներն են լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:
Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ լուրջ մտահոգություն են հայտնել շփման գծում ԼՂՀ ԶՈՒ ուղղաթիռի կործանման առնչությամբ: Նրանք կողմերին կոչ են արել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը:











