20-րդ դարասկզբի ազգային ազատագրական պայքարի հերոս Զորավար Սեպուհի՝ Արշակ Ներսիսյանի, կտակը 75 տարի անց իրականություն է դարձել. Նյու Յորքից տեղափոխվել եւ այսօր՝ նոյեմբերի 20-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում է ամփոփվել նրա աճյունասափորը: Այս միջոցառումը իրականացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում՝ Արշակ Ներսիսյանի աճյունասափորը հայրենիք է տեղափոխվել Պաշտպանության նախարարության ջանքերով (ֆոտոռեպորտաժ):
«Թեեւ հանգամանքների բերումով նա բռնեց տարագրության ուղին, բայց որպես իսկական զինվոր երբեք չդառնացավ հայրենիքից եւ կտակեց վերաթաղվել այստեղ եւ այսօր մենք կատարում ենք մեծ ֆիդայու եւ հրամանատարի վերջին կամքը։ Նա այսօր կհանգչի մի բարձունքում ուր հանգչում է իր հրամանատարը՝ Զորավար Անդրանիկը»,-աճյունասափորի ամփոփման հանդիսավոր ամփոփման միջոցառման ժամանակ ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Հայաստանում գտնվող Զորավար Սեպուհի թոռ Էդվարդ Պիրանյանը շնորհակալությունը հայտնեց Պաշտպանության նախարարությանը, ՀՀ նախագահին Զորավար Սեպուհի վերջին կամքը կատարելու համար։
Աճյունասափորը ամփոփվելիս հոգեհանգստյան արարողություն կատարվեց հոգեւորակնների կողմից։
Միջոցառմանը մանակցում էին Սեպուհ Զորավարի հարազատները, որոնք ժամանել էին ԱՄՆ-ից, բարձրաստիճան զինվորականներ, հոգեւորականներ մեծ թվով ուսանողներ բուհերից։
Միջոցառման ավարտին Սեյրան Օհանյանը բարձրաստիճան զինվորականների հետ ծաղիկներ դրեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի շիրիմներին։











