Ադրբեջանական զինված ուժերի կողմից խոցված հայկական ուսումնավարժական ուղղաթիռի հրամանատար, մայոր 38-ամյա Սերգեյ Սահակյանը երեք որդի  ունի, ամենափոքրը՝ 2 տարեկան: Սերգեյի հարեւանները նրան կհիշեն ոչ միայն որպես լավ հարեւանի, այլեւ հայրենասեր, իր գործին նվիրված մարդու:

«Լավ հայր էր, լավ ամուսին, լավ զինվորական: Ամբողջ օրն իրար հետ էինք անցկացնում, հանգիստ մարդ էր, ոչ մեկի չէր նեղացնում: 1994 թ. աշխատում էր որպես օդաչու,  իր գործի վարպետն էր, մանկուց երազել էր օդաչու դառնալ: Հայրենասեր էր, ու առհասարակ, եթե զինվորական ես, անպայման պետք է հայրենասեր լինես, զինվորական բառն արդեն  հայրենասիրություն է»,- NEWS.am-ին ասաց նրա հարեւաններից Մարտին Վարդանյանը՝ նշելով, որ Սերգեյի երեք որդիներից երկուսը զույգ են՝ 12 տարեկան:

Նշենք, որ հատուկ գործողության արդյունքում հատուկջոկատայինները ուղղաթիռի անկման վայրից դուրս էին բերել ու ընտանիքին հանձնել Սերգեյի միայն մասունքները։

Սերգեյ Սահակյանի եւ ուղղաթիռի մյուս երկու օդաչուների զինվորական հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 24-ին՝ ժամը 17.00-20.00-ին Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13.00-ին, զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ նրանց կհուղարկավորեն զինվորական արարողակարգով:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցված ուղղաթիռի զոհված երեք օդաչուներն են ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, երկու զինծառայողներ, լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

Տեսանյութը՝ «Արմենիա» հեռուստաընկերության