Նոյեմբերի 28-ին  Մեծամորում` Հայաստանի ատոմային էլեկտրակայանի տարածքում, անցկացվեց ոստիկանության զորքերի մարտավարամասնագիտական զորավարժություն, որին ներկա էին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանը, կոլեգիայի անդամներ, բարձրաստիճան սպաներ: Զորավարժության սցենարով նախատեսված էր հավանական հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի հայտնաբերման եւ վնասազերծման հատուկ գործողությունը վարժանքում ընդգրկված զորամասերի մասնակցությամբ:

Զորավարժությունը բաղկացած էր 2 փուլից: 1-ին փուլում հատուկ նշանակության գումարտակն իրականացնում է հակառակորդի խմբերի հայտնաբերման եւ վնասազերծման զորային գործողություններ ՀԱԷԿ-ի հարակից տարածքում, 2-րդ փուլում ՀԱԷԿ-ի պահպանության առանձին գումարտակը վնասազերծում է պահպանվող օբյեկտ թափանցած դիվերսիոն հետախուզական խումբը:   Ի տարբերություն մյուս հատուկ գործողությունների՝ այս զորավարժությունն իրականացվում է  հավանական հակառակորդի խմբերի ոչնչացման հատուկ մարտավարական գործողություններով:

Գումարտակների երթը ծածուկ էր, նախապես որոշված երթուղիներով: Ստորաբաժանումները կազմակերպեցին մարտական պահպանություն՝ հակառակորդի անակնկալ հարձակումներից պաշտպանվելու նպատակով:  Ըստ սցենարի` հակառակորդի 10 հոգանոց դիվերսիոն հետախուզական խումբը կենտրոնացել է քարհանքի շրջանում: Քողարկվող խումբը ազդականչով շարժվում է դեպի ՀԱԷԿ՝  նպատակ ունենալով ներթափանցել պահպանվող օբյեկտի տարածք:

Ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ստորաբաժանումները շրջափակում են հատուկ օպերացիայի շրջանը եւ ուժեղացնում դիտարկումը հակառակորդի շարժման հավանական ուղղություններով: Ապա ստորաբաժանումները զբաղեցնում են ելման բնագծերը երկկողմանի որոնում իրականացնելու համար:   Վարժանքին մասնակցող  ստորաբաժանումները նախատեսված ժամկետում տեղեկացրին, որ հայտնաբերել են հակառակորդին, որը փորձում է դուրս գալ շրջափակումից եւ մարտի մեջ է մտել մեր ստորաբաժանումների հետ:

Կորուստներ տալով՝  հակառակորդը բաժանվում է մանր խմբերի եւ փորձում մի քանի  ուղղություններով դուրս գալ շրջափակումից: Մի խումբը շարժվում է դեպի հյուսիս եւ մարտի բռնվում ՈԶ ստորաբաժանումների հետ: Հաջողվում է կենտրոնացված կրակի եւ ստորաբաժանումների կտրուկ մարտավարական գործողություններով վնասազերծել խումբը:  Հակառակորդի 2-րդ խումբը, օգտագործելով տեղանքը, փորձում է ձորակով դուրս գալ ՀԱԷԿ-ի պահպանության պարագիծ: Այդ խումբը վնասազերծելու նպատակով  հատուկ նշանակության գումարտակի հրամանատարը մարտի մեջ է մտցնում պահեստազորը, որը ստորաբաժանումների եւ կրակի խուսավարման միջոցով շրջափակում ու վնասազերծում է հակառակորդին:  

Երկու դիվերսանտ ձերբակալվում են: Չնայած մեր ստորաբաժանման հաջողությանը՝ դիվերսանտների մի փոքր խմբի հաջողվում է թափանցել ՀԱԷԿ-ի տարածք:  Այդ պահից սկսվում է զորավարժության 2-րդ փուլը, եւ գործողության մեջ են մտնում  ՀԱԷԿ-ի պահպանության առանձին գումարտակի ստորաբաժանումները:

Օբյեկտի պահպանության պահակախումբը բարձրացվում է տագնապով:  Մարտ է սկսվում պահակախմբի պահեստային խմբի եւ 2 դիվերսանտների միջեւ, որոնցից մեկը ոչնչացվում է, մյուսը` գերի վերցվում: Դիվերսանտների այս գործողությունն  ուշադրություն շեղելու նպատակ ունի. այդ ընթացքում պահպանության պարագծի մեկ այլ տեղամասից օբյեկտ է թափանցում դիվերսիոն-հետախուզական 2-րդ խումբը: ՀԱԷԿ-ի պահպանության առանձին գումարտակի ստորաբաժանումները զբաղեցնում են ելման բնագծեր:   Հայտնաբերելով հակառակորդին՝ որոնող խումբը կենտրոնացված կրակով ստիպում է նրան նահանջել: ԴՀԽ-ն դիրքավորվում է առանձին շինության մեջ: 

Գումարտակի հրամանատարը որոշում է կայացնում հակառակորդին վնասազերծելու համար հատկացնել ձերբակալման խումբ, որը զրահատեխնիկայի աջակցությամբ մոտենում է շինությանը եւ վնասազերծում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը: Այնուհետեւ ստորաբաժանումները զննություն են կատարում գործողության ողջ տարածքում՝ հակառակորդի խմբի հետախուզական եւ դիվերսիոն միջոցները հայտնաբերելու նպատակով: Զորավարժության ղեկավարի ազդականչով հայտարարվում է զորավարժության ավարտը:

Զորավարժությունից հետո ոստիկանության պետը շրջեց ատոմակայանի պահպանությունն իրականացնող զորամասում, ծանոթացավ զինծառայողների աշխատանքային ու հանգստի պայմաններին, ծառայության կազմակերպման առանձնահատկություններին: Դիմելով զորավարժության մասնակիցներին՝ Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց առաջադրված մարտավարամասնագիտական խնդիրների կատարման մակարդակը:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի եւ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի հրամաններով պարգեւատրվեցին զորավարժության  ընթացքում մարտական եւ մասնագիտական պատրաստականությամբ աչքի ընկած զինծառայողները: