Հայաստանի Լոռու մարզի Օձուն գյուղի 6-րդ դարի ՍԲ Մարիամ Աստվածածնի եկեղեցու վերականգնողական աշխատանքները հաջողությամբ ավարտվել են: Կատարող «ԼեւԳուկ» ընկերությունն ուժեղացրեց շինությունը ներքին ամրացման մեթոդով՝ սահմանափակելով արտաքին տեսքի միջամտությունը թռուցիկ շտկումներով՝ որմերի մաքրում եւ որակը կորցրած կրաշաղախի փոփոխություն:
«Մենք ավելի շուտ հնագույն տաճարի բուժմամբ էինք զբաղված, քան նորոգմամբ: Ջանում էինք նվազագույնս խառնվել շենքի կառույցին, որպեսզի պահպանվի նրա ճարտարապետական եւ պատմական արժեքը», - ասաց «ԼեւԳուկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Լեւիկ Ղուկասյանը, որն արդեն վերականգնել է քսանից ավելի հայկական եկեղեցիներ եւ վանահամալիրներ:
Օձունի եկեղեցուն, որը կանգուն էր 15 դար, սպառնում էին ճեղքերը եւ տանիքին ու որմերի վրա Լոռու խոնավ կլիմայի պատճառով աճած բույսերի արմատները: Շատ տեղերում շաղախն ի սպառ լվացվել էր: Վերանորոգման երկարաձգումը կհանգեցներ տաճարի քանդմանը արտաքին գործոնների ազդեցությամբ, որոնց հավանականությունը երկրաշարժավտանգ այս տարածքում շատ բարձր է:
Ըստ Լ.Ղուկասյանի, ներքին ամրացման ինքնատիպ մեթոդների մշակմանը մասնակցել են լավագույն հայակական ճարտարագետները եւ Միլանի (Իտալիա) պոլիտեխնիկական ինստիտուտի մասնագետները: Աշխատանքի ընթացքում կիրառվել են ապակեմանրաթելային ճոպաններ եւ գործվածքներ, որոնց միջոցով ամրացվել են գմբեթը, վեղարը եւ որմերը: Կոռոզիայի ավերիչ ազդեցությունից խուսափելու համար վերանորոգողները փոխարինել են նախկին երկաթյա ամրանները բարձրարդյունավետ եվրոպական սոսինձներով:
Նախապատրաստական աշխատանքների ընթացքում բացահայտվել են 6-րդ դարի քանդակների դրվագներ եւ կղմինդր, հին կենցաղի առարկաներ: Բացի այդ, վեղարի տակ պահպանվել է գինու շիշ՝ Աբովյան եղբայրների միջոցներով 1889 թ. իրականացված վերանորոգման արդյունքների մասին գրությամբ: Փաստաթուղթը փոխանցվել է Մատենադարան վերականգնման եւ ուսումնասիրման համար:
Լեւիկ Ղուկասյանն ընդգծեց, որ կատարողների եւ պատվիրատուի՝ ծագումով Լոռու տարածաշրջանից մոսկովյան գործարար Մովսես Ձավարյանի միջեւ համագործակցությունը, նա է տրամադրել տաճարի վերականգնման միջոցները, չափազանց արդյունավետ էր եւ վստահության արժանի:
«Նման վերականգնում իր ծավալով եւ տեխնիկական լուծումներով Հայաստանում դեռ չէր եղել: Հաջողվեց փրկել եւ ժառանգների համար պահպանել մեր պատմաճարտարապետական գլուխգործոցը: Մենք շնորհակալ ենք «ԼեւԳուկ» ընկերությանը, որը հաջող ավարտին հասցրեց վերականգնման աշխատանքների ողջ համալիրը: Լրացուցիչ նախագծի հաստատումից հետո այս ընկերությունը կբարենորոգի ջրահեռացումը տաճարի արտաքին գավիթներում, եւ այդ դեպքում մեր առաքելությունը կարելի է համարել ավարտված: Հույս ունենք, որ բարենորոգված Օձունի մարգարիտը կանգուն կմնա բազում դարեր», - ասաց «Օձունի վերածնունդ» ծրագրի համակարգող Արմեն Դավթյանը:











