«Նոյեմբերի 5»-ի գործով դատական առաջին նիստից առաջ դատարանի մոտ 5 ոստիկանների վիրավորած Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց ամբաստանյալի փաստաբանի՝ Արա Զաքարյանի չներկայանալու պատճառով։

Դատավոր Արմեն Բեկթաշյանը հայտարարեց, որ ըստ սահմանված կարգի, փաստաբանի երեք անգամ անընդմեջ չներկայանալու դեպքում դատական նիստը կարող են շարունակել առանց փաստաբանի ներկայության, եթե ամբաստանյալը նոր փաստաբան չպահանջի։

Ամբաստանյալ Հայկ Կյուրեղյանը շարունակեց նախորդ դատականն  նիստին սկսած բողոքի ակցիան եւս ոտքի չկանգնեց դատավորի նիստերի դահլիճ մտնելիս եւ դատավորի հետ խոսելիս։

«Ես շարունակում եմ չկանգնել, նաեւ հրաժարվում եմ փաստաբանից»,-ասաց Հայկ Կյուրեղյանը։

Դատավորը դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար  նկատողություն արեց Հայկ Կյուրեղյանին եւ ասաց, որ նման կերպ շարունակվելու դեպքում ամբաստանյալը քրեական պատասխանատվության կենթարկվի ամբաստանյալը։

Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ հարգում է որդու որոշումը. «Նա սկզբունքայնություն է դրսեւորում՝ ցույց տալով, որ չի հարգում Հայաստանի արդարադատռւթյունը։ Հայկը կարծում է, որ ինքը իրեն կարող է պաշտպանել, ես էլ եմ այդպես կարծում, քանի որ դատավճիռը նախօրոք կայացվել է փաստաբանը ոչինչ չի կարող անել»։

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին։

Նշենք, որ նախորդ դատական նիստը նույնպես հետաձգվել էր փաստաբանի չներկայանալու պատճառով։

Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկող Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին, եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկաններին նրան վնասազերծել եւ տարել էին ոստիկանություն։ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ» և 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով: