Իշխանությունները կամ կամովի կտան ՀՀ ժողովրդին ազատ եւ արդար ընտրություններ, կամ ժողովուրդն ազատ եւ արդար ընտրությունները կնվաճի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Ազգային ժողովում «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի քննարկման ժամանակ հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ հավելելով, որ եթե Հայաստանում լինեն ազատ եւ արդար ընտրություններ, ապա կունենայինք ժողովրդի առաջ հաշվետու իշխանություն, ԱԺ պատգամավորների մեծամասնություն, որոնք վստահ կլինեն, որ իրենց թիկունքում կանգնած է ժողովուրդը։

Նրա խոսքով՝ եթե ընտրություններն արդար լինեին, ապա ՀՀԿ-ն խորհրդարանում 3 անգամ քիչ պատգամավոր կունենար:

«Տվեք մեզ ազատ եւ արդար ընտրություններ՝ մենք կտանենք Հայաստանը զարգացում, բարգավաճում, կապահովենք տնտեսության եւ արդյունաբերության զարգացում»,-ընդգծել է Զուրաբյանը, հավելելով, որ դրա համար իշխանությունը չունի քաղաքական կամք:

Ի պատասխան նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հակադարձել է. «Ազատ եւ արդար ընտրություն պահանջելու փոխարեն նախեւառաջ մասնակցեիք ընտրություններին»: