Ոստիկանությունը տեսանյութ է պատրաստել 2014 թվականի սեպտեմբերի 9-ին սպանված՝ Արարատի մարզի Այգեստան գյուղի բնակչուհի Հերմինե Գրիգորյանի դեպքի մասին:
Սեպտեմբերի 9-ին ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել բնակչուհիներից մեկից, որ իր հարեւանուհուն մահացած է գտել՝ մարմնին բռնության հետքերով: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տանը հայտնաբերել էր մահացած կնոջը կիսամերկ վիճակում: Ոստիկաններն անմիջապես հետքեր են վերցրել տան առարկաներից, իսկ այնուհետեւ էլ արդեն Այգեստանի եւ հարակից գյուղի ավելի քան 720 բնակիչ հրավիրվել են ոստիկանություն՝ ձեռքի մատների եւ ափի հետքեր վերցնելու համար:
Դեպքից արդեն 15 օր անց հայտնի է դարձել, որ սպանությունը հնարավոր է կատարած լինի նույն գյուղի բնակիչ Ա.Ստեփանյանը: Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանություն: Պարզվել է նաեւ, որ Ա.Ստեփանյանը Հերմինե Գրիգորյանին սպանել է շահադիտական դրդումներով եւ հափշտակել ոսկյա մատանին եւ ականջօղերը: Սպանված կնոջը պատկանող ականջօղերը ոստիկանները հայտնաբերել են Երեւանի գրավատներից մեկում. Ա. Ստեփանյանը դրանք գրավադրել էր 63 հազար դրամով:
Ա.Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով եւ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության Արտաշատի բաժնում սեպտեմբերի 9-ին, ժամը 14.00-ին, ահազանգ է ստացվել, որ Այգեստան գյուղի բնակչուհի Հերմինեի տունը թալանել ու նրան սպանել են: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 8-ից մինչև սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը տան ննջասենյակում, խեղդելու միջոցով, սպանել է 56-ամյա Հերմինե Գրիգորյանին:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











