Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարից գործով  տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը կհրաժարվի իր հայցից, եթե կողմերը հաշտության գան։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Բալոյանը՝ նշելով, որ ինքը հաշտություն կնքելու խնդրանքով  խոսել է տուժած ընտանիքների հետ, «որքան կարողացել է, նրանց համոզել է»:

«Մի քանի անգամ հանդիպել եմ ու համոզել, որ հաշտություն տեղի ունենա: Ես գտնում եմ, որ կարելի է հաշտության եզրեր գտնել, ժամանակն է այս ամենին վերջակետ դնել: Եթե հաշտության եզր գտնեն, ես կհրաժարվեմ իմ հայցից»,-ասաց նա:

Վարդան Պետրոսյանը, արձագանքելով Ռուբեն Բալոյանի հայտարարությանը, ասաց.

«Տուժած կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյան առաջին անգամ դատարանում հրապարակավ խոսեց այն մասին, որ հանդիպել է տուժած ընտանիքների հետ, երկար զրուցել է նրանց հետ և իր աշխատանքը բերել է դրական արդյունք՝ կապված հաշտեցման հետ: Ինձ համար դա մնում է ամենակարեւորն այս ամբողջ դատական պրոցեսում: Իհարկե, խնդիրը կռիվ է, մենամարտ է, պաշտպանում են, հարցաքննում են, ես դա շատ լավ հասկանում եմ, ես էլ սպասում եմ լուռումունջ: Բայց ամբողջ դատավարության ընթացքում, փորձեր արվել են հաշտեցման, բայց չի ստացվել: Թե ինչու, ես չեմ մեկնաբանել, և ոչ ոք թող չմեկնաբանի: Բայց ես չեմ կարող չողջունել այն, ինչ ասաց քաղաքացի Բալոյանը, ինձ համար դա շատ ողջունելի է: Այնուամենայնիվ, փնտրվում են հաշտության եզրեր, եւ, անկախ ամեն ինչից՝ լինի փորձաքննություն, չլինի փորձաքննություն, փորձաքննությունը կապացուցի սա, կամ չի ապացուցի, ես դա գնահատում եմ շատ դրական քայլ և ինքս իմ կողմից ինչքան հնարավոր է: Ճիշտ հասկացեք, իմ ձեռքերը կապված են, ես բանտում եմ, բայց ինչքան հնարավոր է, ես պատրաստ եմ գնալ յուրաքանչյուր քայլի, որը կտանի մեր հաշտեցմանը: Ես միշտ մտածում եմ, որ այն ողբերգությունը, որ ապրում են ծնողները և նրանց հարազատները, բարձր է որևէ փաստաթղթային, որևէ դատավարական, որևէ փորձաքննական պրոցեսներից»:

Ռուբեն Բալոյանը Վարդան Պետրոսյանին շնորհակալություն հայտնեց այս խոսքերի համար։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։