Վերջին շրջանի դրամի թռիչքային արժեզրկումը կանխատեսված չէր ոչ Կենտրոնական բանկի, ոչ էլ Կառավարության կողմից, ինչի մասին է վկայում ԱԺ ներկայացրած բյուջեի նախագիծը, որտեղ դոլարի միջին փոխարժեքը հաշվարկված էր 411 դրամ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ հավելելով, որ իրենք միշտ էլ հայտարարել են, որ իշխանությունների դրամավարկային քաղաքականության հիմքում դրամի արհեստական արժեւորումն է:

Զուրաբյանը նկատել է, որ հենց այդպիսի քաղաքականության արդյունքում էր խեղդվում է արտահանումը եւ նպաստում ներկրմամբ զբաղվող եւ ապօրինի մենաշնորհների տիրացած պաշտոնյա օլիգարխների գործին:

Սրան արձագանքել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը, ով իր ելույթում դիմելով Զուրաբյանին, ասել է. «Տո ա՛յ քաղաքական չկայացած սուրհանդակ, դու ինչ վերլուծություն անող ես, որ եկել ես այստեղ, ֆինանսական վերլուծությունից ես խոսում»:

Դրանից հետո ՀԱԿ պատգամավորները լքել են դահլիճը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Կարեն Ավագյանի ելույթից հետո խնդրել է պահպանել հանդարտություն: «Կրքերի շիկացում չլինի, բոլորս օգտագործենք պառլամենտական բառապաշար, բայց նաեւ, եթե քար են նետում, պետք է պատրաստ լինի քար նետողը հետ ստանալ այդ քարը, դրա համար պետք է առաջինը կոռեկտությունը չխախտել»,-ընդգծել է Շարմազանովը: