«Բանդայի գործով» ամբաստանյալներին 11-15 տարվա ազատազրկման դատապարտելու՝ դատախազ Սասուն Խաչատրյանի պահանջն անարդարացի է, նրան ղեկավարում են «վերեւներից»։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում մի քանի լրագրողների ասաց Արտուշ Հակոբյանի քույրը՝ Անահիտ Հակոբյանը, դատախազի մեղադրական ճառը լսելուց հետո:
«Օդի մեջ, երեւակայելով պոեմ ա գրել դատախազը, եկել ա ստեղ, իրա վեպը կարդում ա: Լավ, որտե՞ղ ա սրա ճիշտը, իրենք շատ լավ գիտեն, թե ովքեր են արել ավազակային հարձակումները, վախենում են ճշտի աչքերին նայեն, ղեկավարում են դատախազին, որ ինքը գա, ստեղ ելույթներ ունենա, սուտ ապացույցներ ներկայացնի: Արմանին սպանեցին, երեք երեխաներին թողեցին անտեր, Քյարամին գժվացրեցին, Արտուշին հիվանդացրեցին, բողկի պես առողջ տղա էր: Իմ եղբայրը իրա կյանքում մի մրջյուն չի տրորել, աշխարհի բարի մարդականցից ամեն բարին ա»,- ասաց Անահիտ Հակոբյանը:
Արտուշ Հակոբյանի քույրը կարծում է, որ իր եղբորը եւ մյուս ամբաստանյալներն անմեղ են, եւ նրանց դատապարտելով՝ ցանկանում են կոծկել այլոց հանցանքները:
«Մինչեւ ե՞րբ պիտի մենք էս ստի ու խաբեության մեջ ապրենք, ամսի 23-ին ձերբակալում են իսկական բանդան, մեր շատ հարգարժան Ալիկ Սարգսյանը ելույթ ա ունենում, ասում, որ տեղի են ունեցել կողոպուտներ, որոնց մասնակցել են մեծավորների որդիները, չգիտես ոնց՝ ամսի 24-ին եթեր է դուրս գալիս Արտուշի մեքենան, Արտուշը ծեծված ջարդված, էդ ամբողջը երեւում է յութուբում, ոնց են զենքը խրում իրա կողքը, ոնց են գազանաբար ձերբակալում: Ոչ մեկ մեզ 4 օր չի ասել, թե որտեղ են իմ երկու եղբայրները, եւ վերջապես խուլիգանաբար, ծեծելով, ջարդելով, սպանելով նրանց, ուզում են ապացուցել իրենց չարած հանցանքը: Պատճառը այն է, որ իրանք կոծկում են իրանց լակոտների, իրանց հղփացած, հոռացած թուլեքին, իրանց դեպուտատի զավակներին, արդյունքում ուզում են անմեղ մարդկանց նրանց փոխարեն դատեն»,- արտասվելով ասաց տիկին Անահիտը:
Անահիտ Հակոբյանի խոսքով՝ իր եղբոր եւ մյուս ամբաստանյալների անմեղության մասին է վկայում նաեւ այն, որ այսօր մեղադրական ճառը լսելու չէին եկել գործով տուժող ճանաչված քաղաքացները. «Ինչո՞ւ տուժողները չկան: Նրանք թքած ունեն այս շոուի վրա, նրանք համոզված են, որ էս շոու ա, էս նստած մարդիկ տեղյակ չեն իրենց տան հանցագործություններից, դրա համար էլ չեն գալիս»:
Տիկին Անահիտը համոզված է, որ դատավոր Մեսրոպ Մակյանը ճիշտ որոշում կկայացնի, «եթե վերեւից թույլ տան»:
«Ես հոգեբանորեն զգում եմ, որ դատավորը շատ ազնիվ մարդ ա, եթե թույլ տան վերեւից, միգուցե դատավորը իրականության աչքերին կարողանա նայել եւ ճիշտ վճիռ կայացնի, բայց ես շատ եմ կասկածում: Մենք արդարադատությանը չենք հավատում էլ»,- նշեց ամբաստանյալի քույրը:
Նշենք, որ դատախազ Սասուն Խաչատրանը ամբաստանյալներԱրտուշ Հակոբյանի, Դավիթ Գալստյանի եւ Սամվել Դավթյանի համար պահանջեց 15, իսկ Արսեն Մանուկյանի համար՝ 11 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը, Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա։











