ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, խորհրդային շրջանի այլախոհ Վազգեն Կարախանյանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դեմ բողոքող ակտիվիստներին կոչ է անում «պատմություն կարդալ եւ մերկապարանոց հայտարություններ չանել»`հայ-ռուսական բարեկամության մասին խոսելիս: 

Պատգամավորն այսօր՝ դեկտեմբերի 3-ին վրդովվեց, երբ ԱԺ-ի մոտ ԵՏՄ անդամակցության դեմ բողոքող ակտիվիստներից մեկը նրան ամոթանք տվեց հայ եւ ռուս ժողովուրդներին բարեկամ անվանելու համար:

«Ամոթը քեզ ա, այ տղա: Պիտի պատմություն կարդաս, պատմություն սովորես, մերկապարանոց հայտարարություններ մի արեք, էս ժողովուրդը մեղք ա: Ո՞ր երկիրն ա ձեզ հովանավորում, որ դուք այս հայտարարություններն եք անում»,-ասաց պատգամավորը:

Վազգեն Կարախանյանի խոսքով՝ Ազգային ժողովի առջեւ երկու հարց է դրված՝ միանալ եվրոպական կամ եվրասիական միությանը: ԵՏՄ-ի դեպքում, ըստ պատգամավորի, կա  ռուս-հայկական բարեկամության փաստը, մինչդեռ Եվրոպական միության դեպքում կան  եվրոպական բարքեր, որոնք ցանկալի չէ, որ մտնեն Հայաստան:

Ակտիվիստները ԱԺ մտնող պատգամավորի հետեւից վրդովված բղավեցին, որ ամոթ է, որ նրա տեսակի մարդը նման կարծիք ունի, ինչը բարկացրեց Կարախանյանին:

«Հիմի նորից դառնամ ասե՞մ, այ տղա, խելոք պահի քեզի»,-պատգամավորը դիմեց այն ակտիվիստին, որին նախօրենին ապտակելու ցանկություն էր հայտնել իրեն դավաճան անվանելու համար:

Նշենք, որ դեկտեմբերի 1-ին մեկնարկած ԱԺ քառօրյայի օրակարգում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումն է, որն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: Արդեն 3-րդ օրն է՝ մի քանի տասնյակ ակտիվիստներ բողոքի ակցիաներ են անցկացնում ԱԺ շենքի մոտ՝ պատգամավորներից պահանջելով, որ կողմ չքվեարկեն ԵՏՄ անդամակցության պայմանագրին: