ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը այսօր` դեկտեմբերի 4-ին, ԵՏՄ-ի Հայաստանի անդամակցության դեմ խորհրդարանի մոտ բողոքող` իրեն «Լֆիկ» անվանող ակտիվիստին վրդովված հակադարձեց` ասելով «համբալ»:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակտիվիստները, որոնք չորրորդ օրն է` հավաքվում են Ազգային ժողովի մոտ, պատգամավորին դիմավորեցին «Ոչ ԵՏՄ-ին» եւ «ամոթ, ամոթ» վանկարկումներով:
«Ամոթ Հայաստանը վաճառողին, ամոթ, Լֆիկ, ամոթ քեզ»,- ասաց ակտիվիստներից մեկը:
ՀՀԿ-ական պատգամավորը, որը մինչեւ այդ լուռ ժպտալով մտնում էր խորհրդարանի շենք, դռան մոտից վրդովված հետ դառավ եւ գոռաց. «Տո, համբալի մեկը, հեսա հելա, գլուխդ վրիցդ կպոկեմ, ոչխար»:
Ակտիվիստն էլ պատասխանեց, որ Սամվել Ալեքսանյանին թվում է, թե «փողերով կարող է մարդու գլուխ պոկել»:
Նշենք, որ դեկտեմբերի 1-ին մեկնարկած ԱԺ քառօրյայի օրակարգում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումն է, որն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: Արդեն 4-րդ օրն է՝ մի քանի տասնյակ ակտիվիստներ բողոքի ակցիաներ են անցկացնում ԱԺ շենքի մոտ՝ պատգամավորներից պահանջելով, որ կողմ չքվեարկեն ԵՏՄ անդամակցության պայմանագրին:











