Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դեմ բողոքող ակտիվիստների ամոթանքներն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, կրկին վրդովեցրին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վազգեն Կարախանյանին:

Վազգեն Կարախանյանն իրեն ամոթանք տվող ակտիվիստների հետ, սակայն, չխոսեց, փոխարենը, դիմելով ակտիվիստ Վարուժան Տեր-Տրիբունյանին, որին օրեր առաջ ապտակելու ցանկություն էր հայտնել, ասաց. «Էդ լակոտներին ասա խելոք մնան»:

Կարախանյանը ակտիվիստին ասաց նաեւ, որ նրա հետ հետո կխոսի:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին, երբ ԱԺ-ի մոտ հավաքված ակտիվիստները դավաճան էին անվանել պատգամավորին, նա հարցրել էր ակտիվիստի անունը, ապա ասել. «Ոնց քեզ կապտակեի հենց հիմա, ո՞ւր էիր, որ ես պայքարում էի Սովետմիության դեմ»: Մեկ օր անց՝ դեկտեմբերի 3-ի ակցիայի ժամանակ պատգավորը մոտեցել էր ակտիվիստին, փորձել հանգիստ խոսել ու հաշտվել, սակայն քիչ անց վրդովվել եւ հեռացել էր:

Նշենք, որ դեկտեմբերի 1-ին մեկնարկած ԱԺ քառօրյայի օրակարգում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումն է, որն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: Արդեն 4-րդ օրն է՝ մի քանի տասնյակ ակտիվիստներ բողոքի ակցիաներ են անցկացնում ԱԺ շենքի մոտ՝ պատգամավորներից պահանջելով, որ կողմ չքվեարկեն ԵՏՄ անդամակցության պայմանագրին: