Հրազդանի քաղաքի Մաքրավան 46-ի բնակիչ, ազատամարտիկ Սամվել Սիմոնյանն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, կառավարության մոտ էր երկրաշարժի պատճառով 4-րդ կարգի վթարային դարձած իր տան վերանորոգման համար գումար հատկացնելու պահանջով։

«Առաջին օրվանից մասնակցել եմ Արցախյան շարժմանը, Շուշիի ազատագրմանը, վթարային դարձած տունս չեմ վերանորոգել, դրա փոխարեն  մեծ գումարներ եմ ներդրել, գերադասել եմ զենք գնել։ Բազմաթիվ տարիներ ես դիմել եմ եւ նախագահին, եւ նախկին վարչապետին եւ Կոտայքի մարզպետին, սակայն ոչ մեկ չի օգնել, ասում են՝ գումար չկա։ Հիմա աղջկաս հետ ապրում եմ բարեկամիս տանը՝ Երեւանում, բայց ինչքա՞ն կարող եմ այդտեղ ապրել»,-պատմեց 67-ամյա բնակիչը՝ նշելով, որ պատերազմի տարիներին 250 հազար ռուբլի է տրամադրել զենք գնելու համար։

Նա կարծիքով՝ վարչապետն իր խնդրին տեղյակ չէ, հակառակ դեպքում լուծում կտար. «Նամակների բաժնի Ալեքսանդր Ղազարյանը գիտի այդ մասին, սակայն քանի գոյություն ունի այդ շուլլերը, նա երբեք չի թույլատրի, որ ժողովուրդը օրինական լուծում ստանա իր խնդրին»։

Սամվել Սիմոնյանի խոսքով՝ ինքը նաեւ ԵԿՄ անդամ է, իր խնդրով դիմել է  Մանվել Գրիգորյանին, սակայն իրեն չեն օգնել։

67-ամյա հրազդանցին այսօր կառավարության շենքի մոտ հանդիպեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանին, որը նրան խնդրեց իրենց գրասենյակ գնալ եւ մանրամասն խնդիրը ներկայացնել։