ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը տեղյակ չի, որ Հայաստանի Հանրապետության տարածքում միայն օտար լեզվով արտաքին գովազդն արգելվում է: Պատգամավորն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ի շենքի մոտ զարմացած արձագանքեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դեմ բողոքող ակտիվիստների հարցին՝ թե ինչու նա իրեն պատկանող «Փակ շուկայի» շենքի վրա միայն ռուսերեն տառերով գրել է՝ Проспект кафе:
Հարց տվող ակտիվիստին պատգամավորը ջերմորեն հարցրեց. «Ասա, ախպերս»։
Ակտիվիստը Սամվել Ալեքսանյանին ասաց, որ նա խախտել է ՀՀ օրենքը՝ միայն ռուսերեն գրելով, պատգամավորն էլ ժպիտով ասաց. «Պե՞տք ա հայերեն գրենք, կգրենք»:
Պատգամավորին ակտիվիստները նաեւ հարցրին՝ չի՞ վախենում, որ իր բիզնեսները կտուժեն ԵՏՄ մտնելուց հետո, Սամվել Ալեքսայանն էլ պատասխանեց, որ ինքը բիզնեսով չի զբաղվում:
Հարցին, թե ինչպես է քվեարկելու, նա պատասխանեց՝ շատ լավ:
Նշենք, որ ԱԺ-ում այսօր քվեարկության է դրվելու Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը։ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի կողմից ՀՀ անդամակցության պայմանագրի վավերացումներից հետո Հայաստանը 2015-ի հունվարի 1-ին կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ։











