Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դեմ բողոքող ակտիվիստներն անդամակցությանը կողմ պատգամավորներին հորդորում են ռուսական արտադրության «Ժիգուլիներով» գնալ աշխատանքի: Ակտիվիստ Դանիել Իոանիսյանն այսօր՝ դեկտեմբերի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում բողոքեց, որ չնայած պատգամավորները հորդորում են ռուսական ապրանքներ օգտագործել, բայց իրենք եվրոպական արտադրության ավտոմեքենաներով են շրջում:
«Տեսնում ենք՝ պատգամավորները գալիս են 1-2 հարկանի ջիպերով: Ռուսաստանի ինտեգրացիային կողմ պատգամավորները, որոնք ասում են, որ մենք այլ երկրներից բերվող ապրանքները կփոխարինենք ռուսական ապրանքներով, թող իրենց 2 հարկանի ջիպերը փոխարինեն ռուսական ավտոներով: Թող «Ժիգուլիներով», «Վոլգաներով» գան գործի, նոր խոսեն ռուսական ապրանքների լավը լինելու մասին: Դա համեմատաբար արդարացի կլինի: Իսկ երբ Գուրգեն Արսենյանը գալիս է բրիտանական արտադրության «Ռեյնջ Ռովերով» ու ասում, որ ռուսական ապրանքները լավն են, էդ էդքան արդարացի չի»,-ասաց նա:
Նշենք, որ քիչ առաջ ԱԺ-ն 103 «կողմ, 7 «դեմ» եւ մեկ «ձեռնպահ» ձայներով վավերացրեց ԵՏՄ անդամակցության պայմանագիրը։ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի կողմից ՀՀ անդամակցության պայմանագրի վավերացումներից հետո Հայաստանը 2015-ի հունվարի 1-ին կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ:











