Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դեմ բողոքող ակտիվիստները, որոնք այսօր՝ դեկտեմբերի 4-ին, հավաքվել են ԱԺ շենքի մոտ, «ամոթ, ամոթ» վանկարկումներով են դիմավորում ԱԺ շենքից դուրս եկող՝ պայմանագրին կողմ քվեարկած պատգամավորներին:
Ակտիվիստները ընթերցեցին պայմանագրին դեմ քվեարկած յոթ պատգամավորների անունները եւ ծափահարեցին: Նրանք «դավաճան, դավաճան» վանկարկումով դիմավորեցին ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին (Բուռնաշ), որը կանգնեց, նախ ձեռքերով նշան արեց, այնուհետեւ ակտիվիստներին ասաց. «Տղերք, մեջներդ չափ տվող չկա՞, չափ տվողը ընդեղ նստած ա, որ ձեզ բերել էշի պես ստեղ կանգնացրել ա»:
Պատգամավորի հետ ԱԺ շենքի մոտ իջած՝ թիկնեղ մի երիտասարդ էլ հարվածեց այդ ամենը տեսանկարահանող լրագրողի տեսախցիկին, ապա արդարացավ, թե պատգամավորին «դավաճան» անվանելու համար է հարվածում:
Նշենք, որ քիչ առաջ ԱԺ-ն 103 «կողմ, 7 «դեմ» եւ մեկ «ձեռնպահ» ձայներով վավերացրեց ԵՏՄ անդամակցության պայմանագիրը։ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի կողմից ՀՀ անդամակցության պայմանագրի վավերացումներից հետո Հայաստանը 2015-ի հունվարի 1-ին կդառնա ԵՏՄ լիիրավ անդամ:











