«Նաիրիտ» գործարանի աշխատողները կստանան իրենց աշխատավարձերը, բայց թե երբ, հայտնի չէ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, տնօրինության հետ հանդիպումից հետո «Նաիրիտ» գործարանի բակում հավաքվածներին հայտնեց «Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը:
«Ոչ մեկ չի ասել, որ ձեր աշխատավարձերը չեն վճարվելու, ձեր պարտքը տալու են, բայց ժամանակ չի նշվում, թե երբ դրանք կլինեն»,-ասաց Հրաչ Թադեւոսյանը:
Նրա խոսքով՝ գործարանի աշխատողների կրճատումների մասին որոշումը եղել է դեռ 2011թ. տնօրենների խորհրդի նիստում:
«2011թ. մենք գործարանում ունեինք 3300 աշխատող, իսկ այսօր ունենք 2100 աշխատող, այսինքն այդ որոշումը կատարվում է: Տնօրենը մեզ ասաց, որ չի ուզում մի քանի տարի էլ աշխատողներին կանչել աշխատանքի ու գումար չտալ, դրա համար հիմա ծանուցագրեր է ուղարկում ձեզ, իսկ թե դրանից հետո քանիսին կհրավիրեն աշխատանքի, չգիտենք»,- դրսում հավաքվածներին հայտարարեց Հրաչ Թադեւոսյանը՝ նշելով, որ «Նաիրիտում» «Համաշխարհային բանկի» աուդիտից հետո պարզ կլինի գործարանի ճակատագիրը:
Նրա խոսքով՝ «Նաիրիտի» տնօրինությունը 17 կետանոց առաջարկ է պատրաստել կառավարությանը, թե գործարանը ինչ կարողություններ ունի եւ ինչ կարող է արտադրել. «Այդ փաթեթը մենք կներկայացնեն կառավարությանը, տեսնենք, թե ինչ ուղղությամբ կարող է գործարանը շարունակել աշխատել»:
Գործարանի աշխատակիցները վճռական են տրամադրված, նրանք ասացին, որ ամեն օր բողոքի ակցիաներ են կազմակերպելու, մինչեւ իրենց հարցը չլուծվի. «Ամեն օր մենք մեր պահանջը բարձրացնելու ենք, մինչեւ մեր հարցը լուծվի, մեր արդար քրտինքն ենք պահանջում, ուրիշ բան չենք ուզում»:
Գործարանի աշխատակիցները վստահ են, որ աշխատանքյաին պայմանագրերի զանգվածային դադարեցումը խոսում է այն մասին, որ գործարանը մտադիր են վերջնականապես փակել.
«Եթե Նաիրիտը քանդեն, լուծարեն, շատ լավ, հարմար տեղ է իրենց էլիտար գերեզմանոցի համար»,- նկատեց աշխատակիցներից մեկը։
Գործարանի աշխատակիցները հեռացան, սակայն երկուշաբթի նորից են հավաքվելու գործարանի մոտ՝ պահանջելու իրենց աշխատավարձերը:
Նշենք, որ երեկ նաիրիտցիները բողոքի ակցիա էին կազմակերպել նախագահական նստավայրի մոտ՝ նամակ փոխանցելու եւ պահանջելու ՝ աշխատավարձերի ամբողջական վճարում եւ աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու ծանուցագրերի գործընթացի կասեցում:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները չեն հավատում, որ իշխանությունները կատարելու են իրենց խոստումը եւ վճարելու են իրենց աշխատավարձերի պարտքը, որը կազմում է մոտ 15 մլն դոլար։
Հիշեցնենք, որ «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձը մարվում է պետական էներգետիկ ընկերությունների՝ Երեւան ՋԷԿ-ի եւ Որոտանի ՀԷԿ-ի եկամտի հաշվին:











