«Ժառանգություն» կուսակցությունը շարունակելու է համագործակցությունը Եռյակի կազմում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազատության հրապարարակում «Ժառանգության» հրավիրած քաղաքացիական ժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Իմ բառապաշարում եռյակ, քառյակ, հնգյակ, յոթնյակ մոտեցում չկա, աննախադեպ կառուցողական, խորհրդարանական համագործակցություն կա, որը հրաշալի է մեր խորհրդարանական մշակույթի համար»,-ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ Եռյակի  օրակարգը ճշգրտելու խնդիր կա. ինչ պետք է առաջարկի Եռյակը «այսօր, վաղը եւ Նոր տարուց հետո»:

«Մենք մոտեցել ենք կարեւոր խաչմերուկին, երբ քաղաքական ներկայացուցիչները պետք է ճշտորոշեն իրենց դիրքորոշումները, օրակարգը եւ ժողովրդին ասեն՝ վաղը ինչ են անելու միասին: Ես միշտ ասել եմ, որ անհրաժեշտ է հոկտեմբերյան հանդիպումից հետո տեղեկատվական հանդիպումներ անել ժողովրդի հետ: Այդ համաձայնությունը չստացվեց մեր գործընկերների հետ, ուստի մենք որոշեցինք 3 քաղաքներում հանդիպել ժողովրդի հետ եւ մեզ հետ նաեւ այն պատգամավորները, որոնք կցանկանային»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: